Հայ փորձագետը Խոջալուի իրադարձությունների մասին դասախոսություն է կարդացել Բերքլիի համալսարանում
Քաղաքական
18:15 23/02/2010

Հայ փորձագետը Խոջալուի իրադարձությունների մասին դասախոսություն է կարդացել Բերքլիի համալսարանում

Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Վահրամ Տեր-Մաթևոսյանը փետրվարի 21-ին Խոջալուի իրադարձություններին նվիրված հանրային դասախոսություն է ներկայացրել Կալիֆորնիայում գտնվող Բերքլիի համալսարանում:

Իր ելույթում, նշելով, որ Խոջալուն Ադրբեջանի հակահայկական քարոզչության առանցքն է, Վահրամ Տեր-Մաթևոսյանը ներկաներին անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, ներկայացրել Խոջալուի ռազմական կրակակետերի վերացման մարտական գործողության մանրամասները, և ուշադրություն հրավիրել ադրբեջանական կողմի գործողությունների վրա, որոնց արդյունքում Աղդամի մատույցներում ազերի գրոհայինների կողմից սպանվեցին ու հետագայում մորթազերծ արվեցին Խոջալուից գաղթած թուրք-մեսխեթցիները:

Փորձագետը դասախոսության ընթացքում մեջբերումներ է արել այդ օրերի ադրբեջանական ու թուրքական իշխանությունների հրապարակային հայտարարություններից, որոնք վկայում են, որ 92 թվականի փետրվարին ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքում իրականացված սպանդը Ադրբեջանի ներքաղաքական վերադասավորումների համատեքստում կազմակերպված սադրանք է:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը դասախոսության ավարտին նշել է, որ մինչև 1998 թ. Հեյդար Ալիևի վարչակարգը չէր կողմնորոշվում Խոջալուի իրադարձությունների զոհերի մտացածին քանակի շուրջ, սակայն այդ թվականից շրջանառության մեջ դրված 613 թիվը դարձավ միակ պաշտոնականը: Հարց ու պատասխանի ընթացքում գիտնականը խոսել է նաև Ալիև կրտսերի հակահայկական քաղաքականության որոշ զավեշտալի դրսևորումների մասին, որոնց անհերքելի կեղծարարությունն ընդունում են հենց ադրբեջանցիները:

Վահրամ Տեր-Աթանեսյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի տեղեկատվական անվտանգության նոր ռազմավարության շնորհիվ ադրբեջանական կեղծիքին հակազդելու քաղաքականությունն այսօր դարձել է առավել համակարգված:

Placeholder
Հայ փորձագետը Խոջալուի իրադարձությունների մասին դասախոսություն է կարդացել Բերքլիի համալսարանում