Ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթյան զոհերի հիշատակին
Կրթություն, գիտություն
14:41 27/02/2010

Ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթյան զոհերի հիշատակին

Այսօր տարբեր բուհերի շուրջ 150 երիտասարդներ այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթյան զոհերի հիշատակին: Նրանք ծաղկեպսակ դրեցին Սումգայիթյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին, որը Ծիծեռնակաբերդում կանգնեցվել է 1989 թվականին:

«Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության ղեկավար Գևորգ Մելքոնյանը նշեց, որ ակցիան կազմակերպվել է իրենց կողմից` ողջ հայ երիտասարդությանը ոգեկոչելու համար, որպեսզի նրանք վառ պահեն Սումգայիթյան զոհերի հիշատակը: «Ես կոչ եմ անում բոլոր երիտասարդներին, որպեսզի մասնակցեն «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության կողմից պարբերաբար կազմակերպվող ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներին»,- հավելեց նա:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Միանսյանը նշեց, որ այսօրվա միջոցառման հիմնական նպատակն է հարգանքի տուրք մատուցել Սումգայիթյան զոհերի հիշատակին, ինչպես նաև` երիտասարդության շրջանում քարոզել այն գաղափարը, որ այսօր էլ Ադրբեջանին պետք է դիտարկել` որպես ցեղասպան պետություն:

«Ուղիղ 22 տարի առաջ այս օրը ադրբեջանական ղեկավարությունը իրականացրեց Սումգայիթյան ցեղասպանությունը: Ադրբեջանի ղեկավարության կողմից այն եղել է պետականորեն կազմակերպված ցեղասպանություն, որը կատարվել է Մոսկվայի անմիջական թույլտվությամբ: Սումգայիթյան ցեղասպանության արդյունքում այն ժամանակ պաշտոնապես հրապարակվել է 32 զոհ, սակայն իրականում զոհերի թիվը 100-ից ավելի է, քանի որ միայն 115 դիակ հայտնաբերվել էին դիարաններում: Այս ողբերգալի դեպքերից հետո 90 մարդ կանչվել էր քննության և հարուցվել էր 36 քրեական գործեր, սակայն այդ գործերը այդպես էլ մնացին մշուշի մեջ, միայն մի հոգու դատապարտեցին մահապատժի, իսկ մյուսները այդպես էլ ոչ մի պատասխանատվության չենթարկվեցին: Առաջին հերթին պետք է պատասխանատվության ենթարկվեին Ադրբեջանի ղեկավարները և կազմակերպիչները, որոնք այդպես էլ չդատապարտվեցին, դրա համար Սումգայիթյան ցեղասպանությանը հետևեցին Բաքվի ջարդերը, ինչպես նաև` ադրբեջանահայերի կոտորածը»,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով ցավալին այն է, որ մինչև հիմա իրավաքաղաքական գնահատակններ չի տրվել այս դեպքերին, այնինչ այն պետք է տրվի, որպեսզի ցանկացած պետություն իմանա, որ նման ոճրագործության համար խստագույնս կպատժվի:
 

Placeholder
Ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթյան զոհերի հիշատակին