Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքական խոշոր տուրիստական օպերատորներից մեկը, որն աշխատում է ԱՊՀ ֆուտբոլային շուկայում և Մեծ Անթալիայում հյուրընկալում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Հայաստանի ու Վրաստանի ակումբներին, մտադիր է առաջարկել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը` «Համագործակցության գավաթի» խաղարկության նախնական փուլը Թուրքիայում կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»:
«Թիմերի մեծ մասը, որոնք մասնակցում են մոսկովյան ավանդական մրցաշարին, նոր մրցաշրջանին նախապատրաստությունը մեզ մոտ են սկսում: Ուստի ցանկանում ենք ՌՖՄ-ի ղեկավարությանն առաջարկել` մրցաշարը Թուրքիայում անցկացնելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է տուրօպերատորի ղեկավար Շամիլ Յաշչանը:
«Գաղափարը պարզ է. «Համագործակցության գավաթի» խաղարկության խմբային փուլի հանդիպումները պետք է անցկացնել այնտեղ, որտեղ թիմերը գերադասում են հավաքներ կազմակերպել: Բարեբախտաբար, Մեծ Անթալիայում այսօր համապատասխան ենթակառուցվածքներ կան: 15, 20 և 30 հազարանոց 3 մարզադաշտ ունենք:
Եվս երկու ստադիոն կա «Մարդան Սպորտկոմպլեքսում», ինչպես նաև Տոպկալի և Կրեմլին հյուրանոցների ֆուտբոլային կենտրոնը: Կունդուում նույնպես մարզադաշտ ունենք` 100 տեղով, նույնքան հանդիսական կարող են տեղավորել նաև Կադրիեի 2 մարզադաշտերը: Դա միանգամայն բավարար է, որպեսզի մրցաշարն անցկացվի նորմալ պայմաններում:
Ցանկության դեպքում կարելի է լուծել նաև Անթալիայի գլխավոր մարզադաշտը վարձավճարով վերցնելու հարցը: Այդուհանդերձ, կիսաեզրափակիչներն ու եզրափակիչն արժե կազմակերպել Մոսկվայում: Մասնակիցների ու կազմակերպիչների համար դեպի Մոսկվա չարտերային չվերթ կազմակերպելը խնդիր չէ: Վստահ եմ, որ նման որոշումը նոր լիցք կհաղորդի մրցաշարին: Անթալիայում այսօր շատ մարդիկ են ապրում հետխորհրդային տարածքից: Նման մրցաշարը նրանց համար կարող է հետաքրքիր լինել, ինչը չես ասի Մոսկվայի մասին»,- նշել է Յաշչանը: