Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գնանք Ֆրանսիա» թեմայով շարադրության մրցույթի հաղթողը կգնա Ֆրանսիա
Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են ֆրանկոֆոնիայի օրերը, որը նախաձեռնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակի կապակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանկոֆոնիայի հարցերով ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Նա նշեց, որ Հայաստանը 2008 թվականին դարձել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և մասնակցում է կազմակերպության կողմից կազամակերպված թե մշակութային, թե կրթական միջոցառումներին:
Նրա տեղեկացմամբ, ապրիլին ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը պաշտոնական այցով լինելու է Հայաստան:
ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը նշեց, որ մոտ մեկ ամիս շարունակ ինչպես Հայաստանի մայրաքաղաքում, այնպես էլ տարբեր մարզերի քաղաքներում`Արմավիրում, Արթիկում, Գորիսում կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ, որոնք կներկայացնեն ֆրանսիայի, Բելգիայի, Կանադայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և ֆրանկոֆոն այլ երկրների մշակութային բազմազանությունը`երաժշտություն, գրականություն, գիտություն, կրթություն և այլ ասպարեզներ:
Նա նշեց, որ մարտի 19-ից մինչև ապրիլի 10-ը կանցկացվեն մոտ 30-ից ավել միջոցառումներ`ցուցահանդեսներ, սեմինարներ, պոեզիայի երեկոներ, գրական ընթերցումներ, ջազային համերգներ, թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, ինչպես նաև հեքիաթասացության օրեր:
Դեսպանը հայտնեց, որ ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ ԿԳ նախարարությունը դպրոցներում կազմակերպելու է «Գնանք Ֆրանսիա» թեմայով շարադրության մրցույթ, որի հաղթողին հնարավորություն է տրվելու այցելել ֆրանսիա:
«Սույն թեմայով շարադրության մրցույթ կազմակերպվելու է աշխարհի մի շարք քաղաքներում, իսկ հաղթողները միասին հանդիպելու են Ֆրանսիայում»,- ասաց նա: