Թուրք-ամերիկյան միությունների համագումարը նամակ է հղել Օբամային
Օրվա մամուլ
12:17 23/03/2010

Թուրք-ամերիկյան միությունների համագումարը նամակ է հղել Օբամային

Թուրք-ամերիկյան միությունների համագումարը (ATAA) նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` պահանջով, որ վերջինս հանրության առջև հանդես գա հայտարարությամբ, թե Հայոց ցեղասպանության բանաձևը չի ներառվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի` հիշյալ նամակում նշված է եղել նաև այն, թե իբր հայերի ապստամբության ժամանակ արևելյան Անատոլիայում սպանվել է ավելի քան 1 մլն օսմանցի մուսուլման:
Համագումարի տնօրեն Գյունայ Էվինչի ստորագրությամբ այդ նամակում նշվում է, որ Ցղասպանության բանաձևի առաջխաղացման ընթացքը չի կարող նպաստել արձանագրությունների վավերացմանը:

Նշենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանության փաստը շատ պետությունների կողմից է ճանաչվել: Առաջինը դա արել է Ուրուգվայը 1965-ին, ապա նրա օրինակին հետևել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Գերմանիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան և ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

Placeholder
Թուրք-ամերիկյան միությունների համագումարը նամակ է հղել Օբամային