Շվեյցարական  Aquatuor  և pre-art խմբերի կատարմամբ հնչելու են հայազգի և մի շարք օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները
Մշակույթ
18:17 01/04/2010

Շվեյցարական Aquatuor և pre-art խմբերի կատարմամբ հնչելու են հայազգի և մի շարք օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ XXI-ի հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգային փառատոնն ապրիլի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացնելու է հատուկ ծրագիր` CONVERGENCE անվանումով` Շվեյցարական Aquatuor և pre-art խմբերի կատարմամբ: Այս մասին այսօր լրագրողներին ներկայացրեց XXI-ի հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Համերգի ընթացքում հնչելու են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Խորվաթիայի, Կոսովոյի, Լատվիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Թուրքիայի և Ուզբեկստանի կոմպոզիտորների ստեղծագործություները:

Համերգին հայ կոմպոզիտրոներից հնչելու են Արման Ղուշչյանի, Արամ Հովհաննիսյանի, Արթուր Աքշելյանի, Դարիա Անդովսկայի, Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: Համերգին կհանչի նաև կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի «Տաղ Հրեշտակային» ստեղծագործությունը`պատվիրված վերոնշյալ խմբի կողմից: Նա նշեց, որ այս համերգային ամբողջ ծրագիրը ներկայացվելու է նաև Ժնևում, Շվեյցարիայում:

Ստեփան Ռոստոմյանը հայտնեց, որ Pre-art կազմակերպությունը համագործակցում է երիտասարդ կոմպոզիտորների հետ` նրանց հնարավորություն տալով հասնել միջազգային ճանաչման, ինչպես նաև ինքնահաստատվել իրենց իսկ երկրներում: Չորս տարի առաջ կազմակերպությունը նախաձեռնել էր Pre-art մրցույթը երիտասարդ կոմպոզիտորների համար: Մրցույթի մրցանակները տրվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Խորվաթիայի, Կոսովոյի, Լատվիայի, Մակեդոնիայի, Սերբիայի, Թուրքիայի և Ուզբեկստանի կոմպոզիտորներին:

CONVERGENCE ծրագրի հեղինակները և գեղարվեստական ղեկավարներն են Մաթիաս Արթերը և Բորիս Պրեվիշիշը:

Ստեփան Ռոստոմյանի խոսքով, արվեստը սահմաններ չունի, և այս ծրագրի նպատակն է արվեստի միջոցով մերձեցնել տարբեր ազգերին:

Նշենք, որ XXI-ի հեռանկարներ 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի գարնանային շրջանը սկսել է մարտի 4-ից և ավարտվելու է մայիսի 25-ին:
 

Placeholder
Շվեյցարական Aquatuor և pre-art խմբերի կատարմամբ հնչելու են հայազգի և մի շարք օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները