Ռոքի լեգենդները կձայնագրեն նոր երգեր` հայկական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով
Մշակույթ
12:19 02/04/2010

Ռոքի լեգենդները կձայնագրեն նոր երգեր` հայկական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով

Լեգենդար ռոք-կիթառահար, heavy metal ուղղության «կնքահայր» Թոնի Այոմին հայտարարել է, որ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի հետ կձայնագրի մի քանի նոր երգ` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Թոնի Այոմին այդ մասին ասել է Metal Hammer-ի հետ բացառիկ հարցազրույցում:

«Մի քանի շաբաթ առաջ ես ու Գիլանը հանդիպեցինք և ձայնագրեցինք մի քանի թրեքեր, որպեսզի միջոցներ հավաքագրենք Հայաստանի դպրոցի համար: Մենք Հայաստանի համար միջոցներ հավաքեցինք 20 տարի առաջ և ցանկանում ենք կրկնել այդ փորձը: Մի քանի ամիս առաջ այցելեցինք Հայաստան, և նախագահը մեզ հանձնեց Պատվո շքանշաններ: Մենք այնտեղ էինք Իէնի հետ, մեզ հետ էր նաև Փեթ Քեշը: Մեզ ցույց տվեցին հին երաժշտական դպրոցը, որտեղ բավական ցուրտ էր, իսկ դպրոցի աշակերտները չունեին երաժշտական գործիքներ: Մենք նրանց նվիրեցինք մի քանի կիթառ և հարվածային սարքավորում, ինչպես նաև ցանկանում ենք երեխաների համար կառուցել նոր դպրոց:

Մենք պատրաստվում ենք միասին ձայնագրել մի քանի երգ և հուսով ենք, որ մեզ կհաջողվի բավականաչափ գումար հավաքել նոր դպրոցի կառուցման համար: Այժմ մեր ծրագրերը գտնվում են քննարկման փուլում: Մենք մտածում ենք մի քանի կենդանի կատարումների մասին, սակայն դեռևս պետք է Իէնի հետ պարզենք մեր ծրագրերը, քանի որ, հուսով եմ, շուտով կվերսկսեմ շրջագայությունը Heaven and Hell-ի հետ»,- ասել է Թոնի Այոմին:

Թոնի Այոմին և Իէն Գիլանը Հայաստան էին այցելել 2009թ. հոկտեմբերի 1-2-ին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի կողմից կազմակերպված Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակներում: Ս.թ. մարտի 26-ին և 27-ին Երևանում կայացան Իէն Գիլանի բարեգործական համերգները Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, և ողջ հասույթը` 18 մլն 327 հազ. դրամ, կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար շենքի կառուցմանը:
 

Placeholder
Ռոքի լեգենդները կձայնագրեն նոր երգեր` հայկական դպրոցի համար միջոցներ հավաքագրելու նպատակով