ԼՂՀ նախագահ. Արցախում առանձնակի ուշադրություն է դարձվում որակյալ կադրերի պատրաստմանն ու կատարելագործմանը
Կրթություն, գիտություն
16:53 19/04/2010

ԼՂՀ նախագահ. Արցախում առանձնակի ուշադրություն է դարձվում որակյալ կադրերի պատրաստմանն ու կատարելագործմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Հայ-բրիտանական միություն» հասարակական կազմակերպության անդամներին` կազմակերպության խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են արտասահմանյան առաջատար բուհերում հայ ուսանողների կրթության և հայրենիքում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, կառավարման մեթոդների կիրառման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարևորել է արտերկրի, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի հեղինակավոր բուհերում հայ երիտասարդության կրթություն ստանալը, նրանց վերադարձը հայրենիք և ստացած գիտելիքների կիրառումը` ի նպաստ հայրենի երկրի զարգացման:

Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում առանձնակի ուշադրություն է դարձվում որակյալ կադրերի պատրաստման ու կատարելագործման հարցերին, և այս գործում ակնկալում է նաև «Հայ-բրիտանական միության» դերակատարությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:


 

Placeholder
ԼՂՀ նախագահ. Արցախում առանձնակի ուշադրություն է դարձվում որակյալ կադրերի պատրաստմանն ու կատարելագործմանը