ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան. Հայաստանը դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու պոտենցիալ ունի
Տնտեսություն
14:10 27/04/2010

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան. Հայաստանը դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու պոտենցիալ ունի

Հայաստանը դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու պոտենցիալ ունի: Այսօր այդ մասին ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 11-րդ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը նաև նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի ներգրավվածությունը մեծացնելու և խորացնելու, ինչպես նաև գազատրանսպորտային ու էներգետիկ ոլորտներում մասնակցությունն ապահովելու վրա: Տարածաշրջանային էներգետիկ շուկայում Հայաստանի ներգրավածության իմաստով, ըստ նախագահի, շատ հաջող է Հայաստանի փոխգործակցությունն ընթանում Իրանի, ինչպես նաև Վրաստանի ու Ռուսաստանի հետ:

Նախագահ Սարգսյանը նաև հավելեց, որ Հայաստանը որոշակի քայլեր կատարել է Թուրքիայի հետ փոխհարաբերությունների նորմալացման ուղղությամբ: Նրա կարծիքով, Եվրոպայի այս վերջին փակ սահմանի բացումը հնարավորություն կտար տնտեսական, այդ թվում նաև էներգետիկ կապեր հաստատել տարածաշրջանի երկրների հետ:

«Չնայած Թուրքիայի կառավարության անգործության հետևանքով գործընթացը կասեցվել է, մենք տեսնում ենք Թուրքիա և տարանցիկ ճանապարհներով Մերձավոր Արևելք էլեկտրաէներգիա արտահանելու պոտենցիալ», -ընդգծեց երկրի ղեկավարը:

Նրա խոսքով, ներկայումս տարածաշրջանում էլեկտրաէներգիայի շուկան կայացման փուլում է և ենթադրում է Մերձսևծովյան երկրների օղակաձև էներգոհամակարգի ստեղծում ու Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Իրանի և այլ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքների սինխրոնացում: Միաժամանակ, հայկական կողմը հաշվի է առնում և այն, որ ապագայում տարածաշրջանային էներգետիկ շուկայում ծառայություններ մատուցելու մրցակցության մեջ կարևոր դեր կունենա այն երկիրը, որն ի վիճակի կլինի արտադրել էլեկտրաէներգիա վնասակար նյութերի նվազագույն քանակի արտանետմամբ:

 

Placeholder
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան. Հայաստանը դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու պոտենցիալ ունի