Հայկական Գեոպոլիսը` համաշխարհային «Էքսպո»-ում
Տնտեսություն
18:59 30/04/2010

Հայկական Գեոպոլիսը` համաշխարհային «Էքսպո»-ում

Չինական Շանհայ քաղաքում այսօր մեկնարկած «Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի մասնակից 192 երկրների շարքում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

Ապրիլի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի բացումը: Այն կատարեցին Հայաստանի մասնակցության գլխավոր հանձնակատար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու ՀՀ վարչապետի օգնական Ռուբեն Շատվորյանը:

Հայաստանի տաղավարը տեղակայված է եվրոպական միացյալ տաղավարների տարածքում: 500 քմ ընդհանուր մակերեսով տաղավարում զետեղված «Միտք և Ժամանակ» խորագրով ցուցասրահով «Շանհայ Էքսպո 2010»-ի շրջանակներում Հայաստանը աշխարհին ներկայացնում է հայկական ազգային քաղաքաշինական մտքի ներդրումը` մարդու կենսական քաղաքակիրթ տարածության ձևավորման մեջ, և քննարկման է ներկայացնում առաջարկ` մարդկության պատմության մեջ առաջին անգամ համատեղ ուժերով Արարատ լեռան փեշին կառուցել Գեոպոլիս (Աշխարհի Քաղաք), որի վրա ժամանակը չի կարող իշխել:

Հայկական ցուցասրահը մի քանի հիմնական բաղադրիչներ ունի: Դրանցից առաջինը` կենտրոնականը, Գեոպոլիսի թափանցիկ մակետն է, որի գլխավոր հատակագծի սխեման` Կենաց Ծառի տեսքով, նախատեսում է ինչպես ազգային թաղամասերի (հայկական, ռուսական, ֆրանսիական, չինական, ամերիկյան, հնդկական և այլն) ստեղծում, այնպես էլ հասարակական տարածքների ստեղծում (Երաժշտության հրապարակ, Ժամանակի հրապարակ և այլն): Ազգային թաղամասերը, ըստ սխեմայի, կազմված են 5-7 մոդուլային համալիրներից` կատարված յուրաքանչյուր ազգին բնորոշ ճարտարապետական ոճով:

Ցուցասրահի երկրորդ բաղադրիչը` «ազգերի կլոր սեղանը», տեղադրված է մակետի շրջագծով: Դրա վրա շրջանով մեկ տեղադրված են ակտիվ մոնիտորներ` քաղաք վիրտուալ մուտքի համար: Ցուցահանդեսի այցելուները կարող են մուտք գործել քաղաքի կենտրոնական էլ. կայք և իրենց ցանկությունները թողնել վիրտուալ «Աշխարհի մատյանում»:

Նկատենք, որ այստեղ կարելի է տեսնել նաև քաղաքի վիրտուալ 3D մակետը Experiencing տաղավարում, որը Շանհայ օնլայն համակարգում ընտրել է Հայաստանը: Կազմակերպիչների տեղեկացմամբ` օնլայն համակարգը համաշխարհային ցուցահանդեսների պատմության մեջ առաջին անգամ ամենալայն տարածումը կգտնի հենց «Շանհայ Էքսպո 2010»-ի շրջանակներում, և Հայաստանը այն սակավաթիվ երկրներից մեկն է, որը հաջողությամբ իրականացրել է տվյալ համակարգի ամենաբարդ նախագծերից մեկը:

Ցուցասրահի երրորդ բաղադրիչը շրջագծով տեղադրված, հայկական խաչքարերին ոճանմանեցված պատերի սալաքարերն են: Դրանց վրա հատուկ պատրաստված, լուսավորված որմնախորշերում տեղադրված են բազմաթիվ հայկական հուշարձանների և ճարտարապետական կառույցների պատկերները` սկսած հին ժամանակներից մինչև մեր օրերը:

Իսկ չորրորդ բաղադրիչը կիսաշրջան ճակատային համապատկերի պատն է` Արարատ լեռան պատկերով: Հենց Արարատի այս համապատկերի ֆոնի վրա էլ ցուցադրվում է Գեոպոլիսի մակետը:

Տաղավարի մուտքի մոտ տեղակայված է կոմերցիոն հատվածը, որտեղ այցելուները կկարողանան ձեռք բերել տարբեր ապրանքներ, ինչպես նաև` համտեսել հայկական հողի բարիքները:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պատասխանատուների ներկայացմամբ` «Շանհայ Էքսպո 2010»-ին մասնակցությունը հնարավորություն կընձեռի ներկայացնելու պետության հայացքները, տեղը համաշխարհային ինտեգրման համակարգում, մշակույթը, պատմությունը, քաղաքաշինական և կրոնական ավանդույթները, տնտեսական և մտավոր ներուժը, ինչպես նաև` կստեղծի գործարար կապեր, կցուցադրի հայկական մրցունակ արտադրանքը, և հայկական արտադրանքի նոր շուկաներ կբացահայտի:

Ցուցահանադեսի ընթացքում Հայաստանի տաղավարում տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես «Ծիրանի այգի» միջոցառման ժամանակ այցելուները հնարավորություն կունենան տեսնելու ծիրանենու ծաղկումը, համտեսելու ծիրանը և ունկնդրելու հայակական դուդուկի (ծիրանի ծառի բնափայտից պատրաստված գործիքի) մեղեդիներ:

«Ոսկի և մետաքս»-ի այցելուները կտեղեկանան Հայաստանի և Չինաստանի միջև եղած հնագույն առևտրային կապերի մասին, կծանոթանան հայ ոսկերիչների վարպետության հետ:

«Առողջության երկիր»-ը կներկայացնի Հայաստանը հայկական ՍՊԱ-ի հայեցակարգի (Ararat Religion SPA) միջոցով` որպես առողջության երկրի նոր բրենդ, առողջարարական տուրիզմի լայն հնարավորություններ ունեցող երկիր, իսկ «Վերադարձ դեպի ակունքներ»-ը կներկայացնի Արարատյան դաշտավայրում խաղողի հասունացման շրջանը և կուղեկցվի հայկական կոնյակի և գինիների շնորհանդեսով:

«Տեխնոլոլգիաների օր» միջոցառման ընթացքում տեղի կունենա հայկական մտավոր կարողությունների ցուցադրում` շախմատից մինչև բարձր տեխնոլոգիա և գիտական արտադրանք:

Հայաստանի ազգային օրվա տոնակատարությունը նախատեսված է 2010 թ. սեպտեմբերի 21-ին: Այդ օրը կներկայացվի հայկական մշակույթը, կկայանան բազմաթիվ մշակութային իրադարձություններ` ցուցահանդեսներ, բեմականացումներ և այլն: Ազգային օրվա շրջանակներում նախատեսվում է ՀՀ պաշտոնական պատվիրակության այց «Շանհայ Էքսպո 2010»:

Տեղեկացնենք, որ համաշխարհային «Էքսպո» ցուցահանդեսները կազմակերպվում են հինգ տարին մեկ անգամ: Տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային փոխանակման տեսանկյունից համաշխարհային ցուցահանդեսները համարվում են խոշորագույն իրադարձություն, որոնք հարթակ են ոչ միայն երկրի պատմությունը և մշակույթը ցուցադրելու, նորարարական գաղափարներ և նվաճումներ փոխանակելու, այլև` ապագայի գլոբալ խնդիրների նկատմամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար:

«Էքսպո-2010»-ի անցկացման իրավունքի համար Չինաստանը մրցել է Ռուսաստանի, Հյուսիային Կորեայի, Լեհաստանի, Մեքսիկայի հետ:

Ըստ ամենայնի, չինական Շանհայը մրցակիցների նկատմամբ առավելության է հասել վերջին 20 տարում քաղաքաշինության բնագավառում ունեցած տպավորիչ ձեռքբերումների համար:

Հիշեցնենք, որ ՉԺՀ ղեկավար Հու Ձինտաոյի հրավերով ՀՀ նախագահն այցելել է Չինաստան` Շանհայի համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
 

Նախորդող հրապարակումներ` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք». երրորդ էքսպոն` Հայաստանի մասնակցությամբ

ՀՀ Նախագահի մասնակցությամբ Շանհայում բացվեց Հայաստանի տաղավարը
 

Placeholder
Հայկական Գեոպոլիսը` համաշխարհային «Էքսպո»-ում