Հասարակության մի շերտ կարող է զրկվել երեխայի ծննդի նպաստից
Առողջություն
17:20 01/05/2010

Հասարակության մի շերտ կարող է զրկվել երեխայի ծննդի նպաստից

Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում էր «Նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն անցած շաբաթ այդպես էլ չքննարկվեց և որի դրույթներից մեկը, թերևս, մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել հատկապես կանանց շրջանում:

Խնդիրը նրանում է, որ գործող օրենսդրությունը կանանց հնարավորություն է տալիս համատեղ աշխատանքի դեպքում, այսինքն, եթե կինն ունի երկու կամ ավելի աշխատանքային պայմանագրեր, բոլոր գործատուներից էլ ստանալ երեխայի ծննդյան նպաստ՝ ամսեկան 18 հազար դրամ:

«Սա ունի և' դրական, և' բացասական կողմեր»,- Panorama.am-ին հայտնեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Ըստ նրա, եթե պետությունն այսօր քառասուն հազար մայրերից նպաստ է տալիս ընդամենը շուրջ տասը հազարին, ապա այդ համատեղության դրույթը վերանայելով` հնարավոր է նպաստառուների թիվը հասցնել, օրինակ, 15 հազարի: Իսկ վերանայել էլ նշանակում է, որ անկախ աշխատանքային պայմանագրերի քանակից, կինը կարող է միանվագ գումար ստանալ միայն մեկ գործատուից:

Բացի այս` կա մեկ այլ հետաքրքիր հանգամանք ևս` բարոյականության խնդիրը նպաստների համակարգից փորձ է արվում տեղափոխել օրենքի դաշտ: Իսկ բարոյականություն ասվածն էլ հետևյալն է՝ քիչ չեն դեպքերը, երբ մայրերն իրենք են հրաժարվում այդ նպաստից հօգուտ ավելի կարիքավորների: Իսկ առաջարկվող փոփոխություններով պետությունը փորձելու է սա կարգավորել օրենքի տառով:

«Գտնելու ենք հասարակության այն ընտանիքները, որոնք այդ գումարի կարիքը չունեն և, փաստորեն, նպաստառուների ցուցակից նրանց հանելու ենք»,- ասաց պատգամավորը:

Քանի որ դեռ հստակեցված չէ, թե օրենքի այս դրույթն ինչ տեսք է ունենալու, Հ. Հակոբյանը պայմանականորեն պարզաբանեց՝ այն ընտանիքները, որոնց տարեկան եկամուտը կազմում է մեկ կամ հինգ միլիոն դրամ (շեմը դեռ որոշված չէ), կմտնեն այդ սահմանափակումների ցուցակի մեջ. «Այսինքն՝ նրանց չի վճարվի երեխաների ծննդյան համար տրամադրվող միանվագ գումարը և սա, ըստ իս, կլինի արդար»,- կարծիք հայտնեց հանձնաժողովի նախագահը:

Նա հավելեց, որ երբ խոսքը սոցիալական ոլորտի մասին է, բարոյականությունից խոսել պետք չէ, պետք է խոսել օրենքից:
 

Placeholder
Հասարակության մի շերտ կարող է զրկվել երեխայի ծննդի նպաստից