Սերժ Սարգսյան. «Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը»
Քաղաքական
10:36 04/05/2010

Սերժ Սարգսյան. «Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը»

Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին այցելել է ՉԺՀ Շանսի նահանգ, որտեղ մասնակցել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության պաշտոնական բացման արարողությանը:

Նախագահի գլխավորած պատվիրակությունը Շանհայից մեկնել է Թայյուան` Շանսի նահանգի կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել նահանգապետ Վան Ձյունի հետ: Հանդիպման ընթացքում Վան Ձյունը ողջունել է հյուրերին, ընդհանուր գծերով ներկայացրել իր գլխավորած նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը, առկա միտումները, անդրադարձել նահանգի բազմադարյա պատմա-մշակութային ժառանգությանը:

Նահանգապետ Վան Ձյուն շնորհակալություն է հայտնել «Շանհայ-Էքսպո-2010»-ի բացման ընթացքում իրենց նահանգի տաղավարն այցելելու համար: Անդրադառնալով տնտեսական բնույթի խնդիրներին` Շանսիի ղեկավարը նախագահ Սարգսյանին տեղեկացրել է համաշխարհային ճգնաժամի պայմաններում իրենց ձեռնարկած քայլերի, դրանց արդյունքների մասին և հույս հայտնել, որ Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը կնպաստի իր գլխավորած մարզի զարգացմանը:

«Ձեր այցելությունը կնպաստի Շանսիի ու Հայաստանի միջև բարեկամության ամրապնդմանը»,-ամփոփելով իր ողջույնի խոսքն` ասաց Վան Ձյուն:

Նախագահ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հանգամանալից տեղեկությունների համար: «Դեռևս Երևանում ես գիտեի ձեր նահանգի մասին` որ զարգացող արդյունաբերական նահանգ է, ունի հարուստ մշակութային ժառանգություն, բայց ձեր ամենամեծ հարստությունը մարդի եկ են` համբերատար, աշխատասեր և ստեղծագործող»,- նշեց Սերժ Սարգսյանն ու իր Շանսիի մասին իր առաջին տպավորությունները ներկայացրեց չին գործընկերներին:

Անդրադառնալով Չինաստանի հետ համագործակցությանը` նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս երկկողմ հարաբերությունները խորացնելուն:

«Այս առումով մենք կարևորում ենք նահանգների հետ մեր հարաբերությունների զարգացումը»,- ընդգծել է նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, Շանսի նահանգում հայ-չինական համատեղ` «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկության գործարկումը բնական կամուրջ է երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

«Մենք ամեն ինչ կանենք այդ հարաբերությունները խորացնելու համար»,- վստահեցրել է հանրապետության ղեկավարն ու տեղեկացրել, որ կընդունի հաջորդ անգամ Շանսի նահանգ այցելելու Վան Ձյունի հրավերը:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը ՉԺՀ ղեկավար Հու Ձինթաոյի հրավերով ապրիլի 29-ին աշխատանքային այցով մեկնել է Չինաստան: Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը մասնակցել է «Շանհայ-էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, հանդիպումներ է ունեցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի, ինչպես նաև Սուժոուի քաղաքապետ Յան Լիի հետ: Այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը եղել է Սուժոուի տեխնոպարկում, և հանդիպումներ ունեցել չինական խոշորագույն` ավտոբուսաշինության առաջատար «Հայգեր», հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային առաջատար «Հուավեյ» և կրկին հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող «Զի Թի Ի» (ZTE) կորպորացիաների` ղեկավարների հետ:

Աշխատանքային այցի վերջին օրը նախագահ Սարգսյանը մասնակցել է Շանսի նահանգում հայ-չինական համատեղ ձեռնարկության բացման արարողությանը:

Placeholder
Սերժ Սարգսյան. «Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը»