Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ա. Զաքարյան. «Շատ գործոններ կան, որոնք այսօր էլ միավորում են Հայաստանն ու Չինաստանը»
«Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հանդիպումները Չինաստանի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնակցությունը համաշխարհային մասշտաբներով անցկացվող Շանհայ Էքսպո 2010 ցուցահանդեսին, համոզված եմ լավ հնարավորություն է ապագայում հայ-չինական հարաբերությունները զարգացման նոր աստիճանի հասցնելու, կոնկրետ ծրագրերի գործարկման, բազմակողմ համագործակցությունների քննարկման, ինչպես նաև հեռանկարային նոր նախաձեռնությունների համար»,- անդրառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած այցին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքերով՝ արդեն իսկ 40-ից ավելի միջպետական և միջկառավարական համաձայնագրերով կարգավորվում են երկու երկրների միջև բազմաբնույթ համագործակցության իրավաքաղաքական հիմքերը:
Ա. Զաքարյանը նշեց, որ շուրջ 18 տարի է՝ ինչ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հաստատված են դիվանագիտական հարաբերություններ, և այդ տարիների ընթացքում երկուստեք ձևավորվել ու ամրապնդվել է գործընկերային և փախադարձ վստահելի գործակցությունը:
Նրա խոսքերով՝ ակտիվ առևտրատնտեսական համագործակցության և հումանիտար ոլորտում հաջողությամբ զարգացող հարաբերություններին զուգահեռ՝ խորանում են նաև քաղաքական փոխըմբռնման, երկխոսության և փոխադարձ հետաքրքրությունների ընդլայնման հնարավորությունները:
«Համաձայն պատմական աղբյուրների՝ հայ-չինական առևտրատնտեսական շփումները սկիզբ են առել դեռևս Ք.Ծ.Ա. 170թ. հայոց մայրաքաղաք Արտաշատ քաղաքի հիմնադրմամբ, որն էլ շատ արագ դարձավ տարանցիկ միջազգային առևտրի կենտրոն, ինչի արդյունքում հայ վաճառականները Չինաստանից սկսեցին ներկրել հում մետաքս ու մետաքսյա կտորեղեն, իսկ փոխարենն արտահանել պղինձ, կապար, արճիճ, ոսկեթել գործվածքներ, ապակե իրեր և անոթներ: Համագործակցության հին և նոր ժամանակաշրջաններում Հայաստանի և Չինաստանի միջև չեն եղել խնդիրներ, որոնք բաժանեն կողմերին, այլ հակառակը, կան շատ գործոններ որոնք այսօր էլ միավորում են երկու երկրներին»,- հավելեց Ա. Զաքարյանը: