Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Օգտագործելով եվրոպական երկրների փորձը` Հայաստանը լուծումներ կգտնի կրթության, գիտության զարգացման հարցերում»
Ազգային Ժողովում ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովի աշխատանքները:
Ինչպես իր ելույթում նշեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը, համաժողովի անցկացումը Հայաստանում կարևոր էր ոչ միայն նրանով, որ մեր հասարակությունն այսուհետ ավելի լավ կընկալի այս կազմակերպության նշանակությունն ու դերը ու նաև այն, որ մեզ միայն լեզվական նույնությունը չէ, որ միավորում է, այլև` սա բոլորիս միավորող արժեհամակարգ է:
«Լեզուն մեզ միավորում է, որ կիսենք մեր ընդհանուր արժեքները` ժողովրդավարության, իրավական պետության, մարդու իրավունքների անսասան արժեհամակարգի վերաբերյալ և շատ կարևոր է, որ այդ ընկալումը մեր երկրում առաջանա»,- նշեց Ա.Ռուստամյանը:
Բացի այս, սա նաև լուրջ հնարավորություն էր, որպեսզի կարողանանք, ըստ պատգամավորի, այս միջոցով ունենալ լայն շփումներ այնպիսի երկրների հետ, որոնք կիսում են այդ արժեհամակարգը և առաջ տանենք այն գաղափարներն ու ծրագրերը, որ այս հեղինակավոր կազմակերպությունը հետապնդում է երկար տարիներ:
Ինչ վերաբերում է կոնկրետ համաժողովի քննարկման թեմային` կրթության նշանակությունն ու դերը, ապա օգտագործելով եվրոպական երկրների փորձն ու կարողությունները Հայաստանը լուծումներ կգտնի կրթության, գիտության զարգացման հարցերում .«Այս երկու օրերի քննարկումների արդյունքում ընդունվեց մի բանաձև, որտեղ հստակ առաջարկություններ են` կրթական համակարգի բարեփոխումների հետ կապված»,- տեղեկացրեց հայկական պատվիրակության ղեկավարը և ավելացրեց, որ այդ առաջարկությունները ներկայացվելու են համապատասխան խորհրդարաններին` այդ թվում և ՀՀ ԱԺ-ին, որոնք հետամուտ կլինեն դրանց լուծումներին:
Նշենք, որ համաժողովի մասնակիցներն ավարտին մեկնեցին Ցեղասպանության հուշահամալիր, որտեղ մասնակցելու են ծառատունկի արարողությանը, իսկ վաղը պատվիրակությունները մեկնելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նախատեսված է հանդիպում ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսի հետ: