Հայաստանում կներդրվի էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ
Տնտեսություն
12:43 06/05/2010

Հայաստանում կներդրվի էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ

Էներգետիկ անվտանգության հայեցակարգի մշակման աշխատանքային խումբն այսօր գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հայեցակարգի մշակումը նախատեսված է «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ»: Այս մասին հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գարսենյակից:

Կարևորելով էներգետիկ անվտանգությունը` որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էներգետիկ անվտանգության հայեցակարգի հիմնական խնդիրը պետք է լինի Հայաստանի էներգետիկ ինքնաբավության մակարդակի ապահովումը թե' կարճաժամկետ, թե' երկարաժամկետ հեռանկարում:

«Այսօր մեր երկրում էներգետիկայի զարգացման խնդիրները հուսալի վիճակում են, և Հայաստանը բոլոր հիմքերն ունի` ոչ միայն ապահովելու մեր երկրի էներգետիկ ինքնաբավությունը, այլև` էլեկտրաէներգիա արտահանելու, ինչը մեր երկրի տնտեսության համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Մենք պետք է կարողանանք միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելով` մեր երկրում ներդնել էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Նիստում որոշվել է մեկ ամսվա ընթացքում ավարտել փաստաթղթի հայեցակարգային դրույթների մշակումը և մինչև հոկտեմբեր փաստաթուղթը ներկայացնել հաստատման:

 

 

 

Placeholder
Հայաստանում կներդրվի էներգետիկ անվտանգության ժամանակակից համակարգ