Օտարալեզու դպրոցների շուրջ. «Կառավարությունն էդքան խելք կունենա, որ հետ կվերցնի օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը»
Կրթություն, գիտություն
12:23 15/05/2010

Օտարալեզու դպրոցների շուրջ. «Կառավարությունն էդքան խելք կունենա, որ հետ կվերցնի օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը»

«Ռասիստական մոտեցում հայալեզու մտածողների համար»: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գրող, լրագրող Վահան Իշխանյանը այսպես բնութագրեց օտարալեզու դպրոցների հիմնման մասին կառավարության նախաձեռնությունը:

Նկատենք, որ խոսքը «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերն են, որոնք կառավարությունը հավանության է արժանացրել ևայժմ դրանք գտնվում են Ազգային ժողովում: Փոփոխություններով կառավարությունն առաջարկում է հանրապետությունում թույլատրել օտար լեզվով ուսուցմամբ կրթական հաստատությունների գործունեությունը: Այդպիսով, ինչպես կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանն է բլոգերների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել, այդ դպրոցները կազմելու են հանրապետության դպրոցների 2 տոկոսը, հետևաբար Հայաստանում դրանց թիվը հասնելու է մինչև 28-ի:

Կրթության, գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Panorama.am-ի հետ զրույցում հստակեցրեց` այդ դպրոցները լինելու են ոչ միայն անգլերեն կամ ռուսերեն, այլ նաև` ֆրանսերեն, գերմաներեն ու տարբեր լեզուներով:

Իսկ թե ինչ մասնագետներ են դասավանդելու այդ դպրոցներում, Բաղդասարյանը չմանրամասնեց, այլ ուղղակի նշեց. «Իրականացման մասին եկեք սպասենք Ազգային ժողովի համապատասխան որոշմանը, երբ օրինագիծն ընդունվեց հետո կխոսենք` իրականացման ձևերի ու ճանապարհների մասին»:

Ըստ կարգի, կառավարության ներկայացրած օրինագիծը պետք է քննվի ԱԺ մշտական հանձնաժողովում, այս դեպքում` ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Առաջիկա ԱԺ քառօրյային ընդառաջ տեղի ունեցած հանձնաժողովի նիստում այս շաբաթ օրինագծերը քննարկման չեն դրվել:

«Հայաստանի իշխանությունները անկարող են բարձրացնել կրթության որակը և դրա փոխարեն ուզում են բացել օտարալեզու դպրոցներ», - մեզ հետ զրույցում նկատեց նախաձեռնության ընդդիմախոս Իշխանյանը` նկատելով, որ իրականում կրթության որակը որևէ կապ չունի կրթության լեզվի հետ:

Իշխանյանը սոցիալական ցանցերից մեկում սկսված «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» արշավի նախաձեռնող խմբի անդամ է: Խմբին արդեն իսկ միացել են հազարավոր մարդիկ ու բուռն քննարկում է սկսվել այդ նախաձեռնության վերաբերյալ:

Նախարար Աշոտյանի այն դիտարկումը, թե օտարալեզու դպրոցների հիմնմամբ կրթության որակը կբարձրանա, Իշխանյանը չի ընդունում: «Իրականում մեր դպրոցների կրթության որակը կապված է մեր մասնագետների որակավորման հետ և ոչ թե դասավանդման լեզվի հետ», -նկատեց մեր զրուցակիցը:

«Նախարարության առաջարկած օրինագիծը ընդունելու դեպքում հայերենը կդառնա կենցաղային լեզու։ Մինչդեռ համակողմանի զարգացման համար հայոց լեզուն պիտի գործածվի կյանքի բոլոր ոլորտներում», -իրենց տարածած հաղորդագրության մեջ հայտարարել են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները։ Ի դեպ, այս խմբի մեջ մտնում են մտավորականներ, արվետագետներ, հրապարակախոսներ ու ընդհանրապես, ՀՀ քաղաքացիներ:

Հայոց լեզվի մրցունակությունը բարձրացնելու համար նրանք կառավարությանն առաջարկում են իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների և համաշխարհային գրականության թարգմանության լայնածավալ ազգային ծրագիր՝ նոր Թարգմանչաց շարժում։

«Հատկապես անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային թարգմանիչ համակարգեր,  զարգացնել առցանց հայելեզու պաշարները՝ Վիքիպեդիա ցանցային հանրագիտարանը եւ այլ շետեմարաններ», -ասում են խմբի անդամները:

«Ինձ թվում ա` կառավարությունը էդքան խելք կունենա, որ հետ կվերցնի օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Ակնհայտ ա, որ հասարակության մեջ դիմադրությունը շատ ուժեղ ա», - Panorama.am-ին կարծիք հայտնեց հրապարակախոս Մարինե Պետրոսյանը ու հավելեց. «Իսկ ամենահետաքրքիրն ու ուրախալին էն ա, որ էս հարցի հետ կապված ակտիվացան հասարակության նորանոր շերտեր` նաեւ նրանք, որ մինչեւ վերջերս ակտիվ չէին: Ազգային լեզվի խնդիրը էն տեսակ նուրբ հարց ա, որ կառավարությունը եթե դեմ գնա հասարակության կարծիքին`դրա համար կարող ա շատ թանկ վճարել»:

 

Placeholder
Օտարալեզու դպրոցների շուրջ. «Կառավարությունն էդքան խելք կունենա, որ հետ կվերցնի օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը»