Կփրկի արդյո՞ք «ծերացած» գիտությանը նոր ծրագիրը
Կրթություն, գիտություն
14:00 17/05/2010

Կփրկի արդյո՞ք «ծերացած» գիտությանը նոր ծրագիրը

Այսօր կարելի է հայտարարել, որ Հայաստանում գիտությունը ծերացած է, որովհետև գիտության մեջ ընդգրկված գիտությունների թեկնածուների միջին տարիքը մեր երկրում այսօր արդեն անցնում է 55-ը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց «Երիտասարդ գիտնականների խորհրդի» համակարգող Ատոմ Մխիթարյանը:

«Գիտության դոկտորների համար մեր երկրում միջին տարիքը արդեն անցել է 67-ը: Այսինքն հրատապ միջոցներ պիտի ձեռնարկվեն այս խնդրի լուծման ուղղությամբ»,-ասաց Ա. Մխիթարյանը:

Նա հավելեց, որ դեռ 2-3 տարի առաջ ԵՊՀ-ն սկսեց երիտասարդ դասախոսներին բանակարանով ապահովելու ծրագիրը, որը մեծ ընդունելություն գտավ:

«Անընդհատ քննարկումներ էին տեղի ունենում ԳԱԱ-ում, մեկ ամիս առաջ առանձին հանդիպում ունեցանք ԳԱԱ նախագահության հետ: Հետո հանդիպում տեղի ուենցավ ՀՀ նախագահի հետ, որի ընթացքում փաստորեն հավանության արժանացավ ծրագիրը շարունակելու և տարածելու նաև երիտասարդ գիտնականների վրա: Հիմա ստեղծվել է մի աշխատանքային խումբ, որը լուրջ զբաղվում է ծրագրի մասնակիցներին ընտրելու չափորոշիչներով»,-ասաց Ա. Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է չափորաշիչներին, ապա ՀՀ երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը նշեց, որ անպայմանորեն նկատի է առնվելու, թե գիտնականն իր գործունենությանը նախորդող մի քանի տարիներին արդյոք ցույց է տվել կապվածությունը գիտության հետ:

«Հաշվի է առնվելու նաև բնագավառում հեռանկարային լինելու հանգամանքը: Քննարկումների ժամանակ ամենամեծ խնդիրը տարիքային շեմն է: Մի քանի մոտեցումներ կան այս խնդրի հետ կապված»:

ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը կարծում է, որ երիտասարդ գիտնական պիտի համարել մինչև 40 տարեկանին, իսկ Ա. Քարամյանի դիտարկմամբ, առավելագույնը մինչև 35 տարեկանը պիտի դիտարկել: Նա նշեց, որ մշակվող հայեցակարգում կհաստատվի մինչև 35, կամ` կոմպրոմիսային 37 տարեկանը:

«Լուրջ գիտնականները, համենայն դեպս, ֆիզիկայի բնագավառում իրենց հիմնական գործերը կատարում են մինչև 35 տարեկանը»,-հայտարարեց Ա. Քարամյանը:

 

Placeholder
Կփրկի արդյո՞ք «ծերացած» գիտությանը նոր ծրագիրը