Դրամահավաքությո՞ւն Երևանի թիվ 114 դպրոցում. Տնօրենը մի բան է ասում, դպրոցականներն` այլ բան
Կրթություն, գիտություն
12:27 19/05/2010

Դրամահավաքությո՞ւն Երևանի թիվ 114 դպրոցում. Տնօրենը մի բան է ասում, դպրոցականներն` այլ բան

Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում ակտիվ դրամահավաքություն է սկսվել, այն էլ խոշոր չափերի: Թեման առավել ակտիվորեն քննարկվում է բլոգներում, որտեղից տեղեկանում ենք, որ մի ընտանիք իր երեք երեխաների համար ստիպված է լինելու վճարել 150 հազար դրամ` հատուկ դերձակի մոտ դպրոցական համազգեստ կարելու համար: Ավելին, գումար չտալու դեպքում երեխաներին սպառնացել են հեռացնել դպրոցից:

Թեմայի հետքերով Panorama.am-ը փորձեց անմիջապես դպրոցականներից հետաքրքրվել` իսկապե՞ս դրամահավաքություն է իրականացվում դպրոցում: Մեր զրուցակից աշակերտները չժխտեցին և ասացին, որ իրենցից գումար հավաքում են` 28 հազար դրամ:

«Ասում են` պարտադիր ֆորմայով պիտի գանք դասի ու մինչև ամառային արձակուրդ պետք ա փողը բերենք, որ սեպտեմբերից այդ հագուստով գանք դասի», -ասաց տղաներից մեկը` նշելով կամ 28 հազար են հավաքում կամ ավել` նայած համազգեստի չափերի:

«Մենք չենք տալու, որովհետև դուրս ենք գալու էս դպրոցից», հավելեց նրա ընկերը:

Աղջիկներից մեկին դուր չի գալիս դպրոցի տնօրինության կողմից առաջարկվող հագուստի տեսքը: «Երկար յուբկա յա լինելու (ցույց է տալիս մինչև ծնկները-հեղ.) սև կամ կապույտ ու վերնաշապիկ, չգիտեմ դրա համար 28 հազար դրամ փող են ուզում ու պարտադրում են», -հավելեց մեր զրուցակից աշակերտուհին:

Նույն դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանը, սակայն, միանգամայն հակառակն է պնդում. «Որևէ դրամահավաք չենք անում, որևէ համազգեստի համար գումար չենք հավաքում»:

Նա ակնհայտորեն վրդովված էր, ասաց, որ որոշումն ընդունել է ծնողական ու մանկավարժական խորհուրդը` ավագ դասարանցիների հետ քննարկումներից հետո ու զարմացել են, որ նման բացասական արձագանքներ են ստացվել:

«Ասեմ ձեզ, որ հարցը լուծեցինք այսպես` միատեսակ համազգեստ ունենալու ենք, ծնողներին ցույց ենք տվել ձևը և իրենք որտեղ որ հարմար կգտնեն, կկարեն», -հավելեց տնօրեն Կոստանյանը:

Նա ծիծաղելի համարեց այն լուրերը, թե գումար չբերելու դեպքում պատրաստվում են երեխային հեռացնել դպրոցից: «Ի՞նչ ա նշանակում` ով որ չբերի, ի՞նչ չբերի»:
-Գումար,-մեր դիտարկմանն ի պատասխան, տնօրենն անորոշ նկատեց. «Համազգեստ լինելու է, հաճելի է՞, որ մի քանիսը իրանց զգեստապահարանը բերեն ցուցադրեն: Կարող ա՞ եսիմինչեր ենք պահանջում, էսպես խառնվել են իրար»:

Այնուհետև բավական բարկացած ու վրդովված, մանկավարժը մեղադրեց լրագրողներին, որ «հարցը քչփորում են»: «Լրագրողներին էլ երևի թե սենց բան էր պետք, որ շահարկեն դպրոցի անունը, ի՞նչ ա պատահել: Այսօր մենք առաջավոր երկրների հետ ոտք ենք մեկնում, ուզում ենք շատ բաներով նմանվել եվրոպական երկրների: Ամբողջ աշխարհում չկա դպրոց, որ առանց համազգեստ գնա երեխան դպրոց և դա շատ մեծ հարցեր է լուծում` երեխան այդ համազգեստի մեջ իրեն աշակերտ է զգում», -բարձրաձայն նկատեց Կոստանյանը:

Կրթության, գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը պարզաբանեց, որ դպրոցներն իրավասու չեն որևէ դրամ հավաքել: Ինչ վերաբերում է պարտադիր համազգեստին և դրա համար այդչափ խոշոր գումար հավաքելուն, Բաղդասարյանն ասաց. «Համազգեստի խնդիրը որևէ նորմատիվ ակտով կարգավորված չէ. Դա մնացել է միշտ ծնողների հայեցողության վրա` կարող են առաջարկ անել, բայց ծնողական խորհուրդները իրենք պետք է որոշեն` իրենց ձեռնտո՞ւ է, ուզո՞ւմ են անել, թե ոչ: Պարտադրված համազգեստի գումար հավաքելն արգելված է»:

Նկատենք, որ մեր` դպրոցում լինելու ժամանակ տեղեկացանք նաև, որ այսօր կեսօրից հետո դերձակն է գալու դպրոց և վերցնի երեխաների չափերը` հագուստը կարելու համար:
 

Placeholder
Դրամահավաքությո՞ւն Երևանի թիվ 114 դպրոցում. Տնօրենը մի բան է ասում, դպրոցականներն` այլ բան