Բացվել է Արցախի Տիգրանակերտ քաղաքի թանգարանը
Մշակույթ
10:01 04/06/2010

Բացվել է Արցախի Տիգրանակերտ քաղաքի թանգարանը

Օրերս տեղի է ունեցել Արցախի Տիգրանակերտ քաղաքի թանգարանի բացումը, որը տեղադրված է քաղաքի տարածքում գտնվող 18-րդ դարի ամրոցում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգային ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա նշեց, որ 18-րդ դարի ամրոցն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ ներսում համապատասխան թանգարանային միջավայր է ստեղծվել:

Հ. Պետրոսյանը հայտնեց, որ թանգարանն իր մեջ ամփոփում է Տիգրանակերտի վերջին 4 տարիների պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Նրա խոսքով, թանգարանում տեղադրված է 25 գունավոր տեղեկատվական ցուցանակ, որտեղ հայերենով, ռուսերենով և անգլերենով մանրամասն ներկայացնում են Տիգրանակերտի հայտնագործումը, նրա կառուցվածքը, հնագիտական հետազոտությունները և այլն:

Համլետ Պետրոսյանի տեղեկացմամբ, թանգարանը առաջիկայում համալրվելու է նոր ցուցանմուշներով, քանի որ մնացած գտածոները դեռ մշակվում են և միայն մշակումից հետո կցուցադրվեն թանգարանում: Նրա նշեց, որ թանգարանային հատվածի ստեղծման, այսինքն ամրոցի վերականգման համար ֆինանսական միջոցները տրամադրել է ԼՂՀ կառավարությունը:
Նա հայտնեց, որ թանգարանի բացմանը Արցախում մեծ տոնակատարություն էր կազմակերպվել, որին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչները, բարձրաստիճան այրեր:

Ըստ նրա, թանգարանը բացվել է զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծացնելու համար, այսօր շատ մեծ ծրագրեր կան Տիգրանակերտը զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար:

Նշենք, որ Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005թ. հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006-2009թթ. հնագիտական պեղումներ է կատարել նրա տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:
 

Placeholder
Բացվել է Արցախի Տիգրանակերտ քաղաքի թանգարանը