ԿԳ նախարար. «Որոշ դպրոցների տնօրեններ կազատվեն աշխատանքից, իսկ որոշ դպրոցների տնօրեններ էլ կստանան խիստ նկատողություն»
Կրթություն, գիտություն
16:03 15/06/2010

ԿԳ նախարար. «Որոշ դպրոցների տնօրեններ կազատվեն աշխատանքից, իսկ որոշ դպրոցների տնօրեններ էլ կստանան խիստ նկատողություն»

Լրագրողների հետ զրույցում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադարձավ այն 39 դիմորդներին, ովքեր էքստեռն փոխադրման միջոցով 10-րդ դասարանից հայտնվել են 11-րդ դասարանում և մասնակցել միասնական քննություններին:

Նա ասաց, որ երբ անցկացվել է առաջին քննությունը նախարարությունը դեռ չէր հասցրել ի մի բերել դպրոցներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները:

«Դպրոցներում ուսումնասիրությունները սկսել են դեռևս փետրվարից և այն շարունակվելու է մինչև հունիսի վերջ: Ստուգվելու են հանրապետության բոլոր դպրոցնրի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների գործերը»,-ասաց նա:

«Հսկայական աշխատանք է տարվել և տվյալները հավաքագրվել են ողջ հանրապետության դպրոցներից: Յուրաքանչյուր խախտում հայտնաբերելու դեպքում մի քանի անգամ ճշտվել է, արդյոք այն համապատասխանում է իրականությանը: Մենք մի քանի անգամ մաղել ենք ամբողջ ինֆորմացիան և ճշտել ենք էքստռեն ձևով դպրոցն ավարտած երեխաների ցանկը»,- ասաց նա:

Ինչ ճակատագիր է սպասվում այդ խախտումներն իրականացրած դպրոցի տնօրեններին, ԿԳ նախարարը պատասխանեց, որ այդ խախտումները թույլ տված դպրոցի տնօրենների ճակատագիրը լինելու է խիստ կախված ՀՀ աշխատանքային օրենսգրքից` դպրոցների տնօրենների ազատման հարց է լինելու, ինչպես նաև որոշ դպրոցների տնօրեններ էլ կստանան խիստ նխատողություն:

«Իսկ որոշ խախտումների վերաբերյալ գործերը գտնվում են արդեն դատախազությունում»,- հավելեց նա: «Այն տնօրենները, որոնք խախտումը մի քանի անգամ են թույլ տվել, նրանք հաստատ հեռացվելու են աշխատանքից»,-վստահեցրեց ԿԳ նախարարը:

ԿԳ նախարարի խոսքով, այսուհետև դպրոցներում ստուգումները լինելու են պարբերաբար: «Տարիներ շարունակ դպրոցներում այս ծավալով ստուգումներ չի իրականացվել: Ես բազմիցս ասել եմ, մեր հանրակրթության որակի թիվ մեկ խնդիրը դա կառավարման որակն է»,- ասաց նա:

Իսկ ինչպես է լուծվելու այդ 39 երեխաների դպրոցում ուսման հարցը, ԿԳ նախարարը պատասխանեց, որ առաջիկայում իրենք որոշում կկայացնեն ու հավելեց, որ այն լինելու է  աշակերտների օգտին:

«Այդ 39 աշակերտներին թույլ կտանք ուսումը շարունակել 11-րդ դասարանում, այն դասարանում որտեղ իրենք պետք է լինեին, եթե այդ թռիչքը գործած չլինեին»,- ասաց նա:

Նշենք, որ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 949-Ն հրամանով արգելվել է 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումը:

Placeholder
ԿԳ նախարար. «Որոշ դպրոցների տնօրեններ կազատվեն աշխատանքից, իսկ որոշ դպրոցների տնօրեններ էլ կստանան խիստ նկատողություն»