Նազարյանի հանձնաժողովը կհամագործակցի Այովայի հանրային ծառայությունների խորհրդի հետ
Տնտեսություն
14:26 15/06/2010

Նազարյանի հանձնաժողովը կհամագործակցի Այովայի հանրային ծառայությունների խորհրդի հետ

Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, Այովայի հանրային ծառայությունների խորհրդի նախագահ Ռոբերտ Բերնթսենը, և ԱՄՆ հանրային ծառայությունների կարգավորման ազգային ասոցիացիայի միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Մահոնն այսօր ստորագրեցին Փոխըմբռնման Հուշագիր` էներգետիկայի ոլորտը կարգավորելու վերաբերյալ:

Ստորագրման արարողության ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ամերիկյան կողմի հետ կնքված սա արդեն չորրորդ հուշագիրն է: Նմանատիպ փաստաթղթեր հանձնաժողովը ստորոգրել է նաև Վաշինգտոն, Կենտուկի ու Փենսիլվանյա նահանգների հետ ու ակտիվորեն համագորչծակցում է նրանց հետ արդեն 13 տարի: Նազարյանն ասաց, որ իրենք արդեն լավ ծանոթ են այս ոլորի վերաբերյալ ամերիկյան օրենսդրությանը:

Նա հույս հայտնեց, որ համագործակցության բարի ավանդույթը կշարունակվի նաև Այովա նահանգի հետ, և կողմերին կհաջողվի հաջողությամբ իրականացնել հուշագրի դրույթները:

Հանձնաժողովի համագործակցությունը հիշյալ երկու կառույցների հետ նախատեսում է փորձի և տեղեկատվության փոխանակում, դրա շրջանակներում Այովայի հանրային ծառայությունների խորհուրդը կաշխատի ՀԾԿԿ-ի հետ` շուկայական կարգավորիչ գործըթացներում զարգացնելու իր ինստիտուցիոնալ և որոշում կայացնելու կարողությունները:

Հուշագրի ստորագրումը հունիսի 14-17 կայանալիք ներածական քառօրյա սեմինարի կարևոր մաս է հանդիսանում: Սեմինարի ընթացքում կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են լիազորությունը, ինքնավարությունը, պատասխանատվությունը, կառուցվածքը և կարողությունները:

Մասնակիցները նաև կքննարկեն սակագների նախագծումը, ոլորտի շահառուների միջև կապերի հաստատումը և պահպանումը, կարգավորման գործընթացում հասարակության մասնակցությունը, պահանջարկի կառավարումը, և այլ արդիական հարցեր: Գործընկերները կպատրաստեն ճկուն աշխատանքային պլան, որն ընդհանուր հետաքրքրության լրացուցիչ թեմաներ կհաստատի և պարբերաբար կթարմացվի` երկու երկրներում էներգետիկայի կարգավորման և օրենսդրության ոլորտի փոփոխությունները արտացոլելու միտումով:
 

Placeholder
Նազարյանի հանձնաժողովը կհամագործակցի Այովայի հանրային ծառայությունների խորհրդի հետ