ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին
Տնտեսություն
12:47 18/06/2010

ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին

Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Ինչպես մանրամասնում է Սանկտ Պետերբուրգում աշխատող Panorama.am-ի թղթակիցը, մասնավորապես, ՀՀ նախագահը ներկա է գտնվել ֆորումի հանդիսավոր բացմանը, մասնակցել «Համաշխարհային տնտեսություն. Վերականգնում և կառավարում» խորագրով լիագումար նիստին: Նիստի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով խոսելով հետճգնաժամյան իրավիճակի մասին, ասել է, որ առկա զարգացումները լավատեսական հույսեր են ներշնչում:

Նշենք, որ ֆորումի ընթացքում քննարկվում են տարբեր հարցեր, առանցքային հարցերից մեկն է էներգետիկ անվտանգությունը, որն այս տարի էլ չի շրջանցվել:

Ֆորումն անցկացվում է 14-րդ անգամ, այն գնալով ավելի ներկայացուցչական կազմ է հավաքում: Հայաստանը ևս միջոցառմանը մասնակցում է բավականին ներկայացուցչական կազմով, երկրի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետը, էկոնոմիկայի, ֆինանսների, սփյուռքի նախարարներն ու այլ պաշտոնատար անձինք: ՀՀ նախագահը երրորդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված է ՀՀ նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
 

Placeholder
ՀՀ նախագահը մասնակցել է Միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին