«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանելու Կլաուդիա Կարդինալեն
Մշակույթ
20:12 25/06/2010

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանելու Կլաուդիա Կարդինալեն

«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինփոռատոնի երևանյան պրեմիերա ծրագրում ցուցադրվելու են մի շարք հայտնի ֆիլմեր, որոնք ներկայացվել են աշխարհի տարբեր կինոփառատոններում ու արժանացել մրցանակների: Լրագրողներին այդ ֆիլմերը ներկայացրեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Եվ այսպես, երևանյան պրեմիերաների շրջանակներում հայ հանդիսատեսը կարող է դիտել` Սեմիհ Կապլանօղլուի «Մեղր» ( Թուրքիա/Գերմանիա), Քշիշտոֆ Զանուսսիի «Փոխայց» (Լեհաստան), Ռոբ Նիլսոնի «Ներշնչված» (ԱՄՆ), Սերգեյ Սոլովյովի «Համադասարանցիները», Կարեն Շահնազարովի «Հիվանդասենյակ համար 6», Ստանիսլավ Գովոռուխինի «Ուղևորը» (Ռուսաստան), Միխայել Հանեքեի «Սպիտակ ժապավեն» (Ավստրիա/Ֆրանսիա/Գերմանիա/Իտալիա), Յան Կունենի «Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին» (Ֆրանսիա), Լի Չան-Դոնի «Պոեզիա» (Հարավային Կորեա) ֆիլմերը:

Փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը ներկայացրեց հետահայաց ցուցադրությունների ծրագիրը` նշելով, որ այն նախորդ տարիների նման լինելու է հարուստ` ընդգրկելով փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանի, ինչպես նաև` համաշխարհային կինոյի մեծ անուններ Անրի Վեռնոյի, Քլեր Դընիի, Թեոդորոս Անգելոպուլոսի, Ֆրիդրիք Թոր Ֆրիդրիքսոնի և Ֆաթիհ Աքինի ֆիլմերը:

Փառատոնը բացվելու է Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով: Վեռնոյի 90-ամյակի կամապակցությամբ` Հարգանքի տուրք ծրագրում կայանալու է ռեժիսորի 3 ֆիլմերի հետահայաց ցուցադրություն: Փառատոնին ներկա է լինելու և ֆիլմերը ներկայացնելու է ռեժիսորի որդին` Պատրիկ Մալաքյանը, ինչպես նաև` «Մայրիկ»-ի գլխավոր դերակատարներից իտալացի հանրահայտ դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, ում, ըստ Մ. Ստամբոլցյանի, Երևանում հանձնելու են մրցանակ։

Փառատոնին հրավիրված են կինոարվեստի մի շարք հայտնի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը տեղի է ունենալու հուլիսի 11-18-ը։
 

Placeholder
«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանելու Կլաուդիա Կարդինալեն