Այսօր Հայաստանում առաջին անգամ մեկնարկում են ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը»
Մշակույթ
10:04 26/06/2010

Այսօր Հայաստանում առաջին անգամ մեկնարկում են ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը»

Այսօր Հայաստանում մեկնարկում է ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը», որոնք շարունակվելու են մինչև հուլիսի 2-ը:

ԱՊՀ շրջանակներում «Դելփյան խաղերի» անցկացման մասին համաձայնագիր ստորագրել են ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները: Ընդունված համապատասխան փաստաթղթերի համաձայն` խաղերն անցկացվում են ԱՊՀ երկրների տարածքում, և այս տարի խաղերի անցկացման պարտավորությունը ստանձնել է Հայաստանը (առաջին անգամ): Խաղերի նպատակն է նպաստել ԱՊՀ տարածքում ընդհանուր մշակութային դաշտի ձևավորմանը:

«Դելփյան խաղերին» ընդհանուր առմամբ մասնակցելու է 550 հոգի: Խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել 14 երկրներից: Ամենամեծ պատվիրակությունը գալու է Ռուսաստանից: Բացի ԱՊՀ երկրներից, «Դելփյան խաղերին» մասնակցելու են նաև պատվիրակություններ Վրաստանից, Լատվիայից, Էստոնիայից, Հնդկաստանից:

Խաղերի կազմակերպիչներն են Հայաստանի ազգային Դելփյան կոմիտեն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:
Երիտասարդական 6-րդ Դելփյան հայաստանյան խաղերը անցկացվում են 2 տարիքային խմբերում` 10-15 և 16-21, 19 անվանակարգերում` դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական երգեցողություն, ժողովրդական երգեցողություն, ժողովրդական պար և այլն:

Խաղերի շրջանակներում խաղերի կանոնակարգով նախատեսված է, որ «Պատվիրակությունների օր» ծրագրով Հայաստան ժամանած պատվիրակությունները հյուրընկալելու են նաև ՀՀ 8 մարզեր` ներկայացելով իրենց մշակույթը: Խաղերի շրջանակներում կազմակերպվելու է նաև կոնֆերանս:

Խաղերի հաղթողներին, ըստ կանոնակարգի, որոշելու է միջազգային ժյուրին:

Նշենք, որ խաղերի բացման հանդիսավոր արարաղությունը տեղի է ունենալու Ալ. Սպենդիարյանի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ փակումը` Մարզահամերգային համալիրում:

«Դելփյան խաղերը» սկզիբ են առել մ.թ.ա. 582 թ և խորհրդանշել են վիշալ Պիթոնի նկատմամբ Ապոլոն Պյութացու տարած հաղթանակը: Խաղերը հիմնականում անցկացվել են Ապոլոնի գլխավոր սրբավայր համարվող Դելփյան տաճարի մոտ, որտեղից էլ ստացել է «Դելփյան խաղեր» անվանումը: Հնում խաղերը կոչվել են նաև Պյութական խաղեր: «Դելփյան խաղերի» նոր շրջան է սկսվել 20-րդ դարում:

ԱՊՀ երկրների «Դելփյան խաղերին» Հայաստանը մասնակցել է 5 անգամ և ընդհանուր թվով շահել է 13 ոսկե, 8 արծաթե և 12 բրոնզե մեդալներ:
 

Placeholder
Այսօր Հայաստանում առաջին անգամ մեկնարկում են ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը»