Ֆրանսիայի կառավարությունը ևս արտահայտվեց
Քաղաքական
14:52 16/07/2010

Ֆրանսիայի կառավարությունը ևս արտահայտվեց

Ֆրանսիայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով ադրբեջանական իշխանություններին կոչ է արել՝ իրագործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը՝ անհապաղ ազատ արձակել լրագրող Էյնուլա Ֆաթուլաևին: Այս մասին տեղեկացնում է «Բիզիմ Յոլ» պարբերականը:

Հիշեցնենք, որ դեռևս 2007 թվականին, «Խոջալուի դեպքերի վերաբերյալ զրպարտություններ կատարելու» մեղադրանքով, Ֆաթուլաևը Յասամալի շրջանային դատարանի կողմից դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման: Սակայն հետագայում իշխանությունները դրանով չէին սահամանփակվել և ևս մեկ շինծու մեղադրանքի հիման վրա դատապարտել նրան 8.5 տարվա ազատազրկման:

Իսկ ահա 2009 թվականի դեկտեմբերի 29-ին, խցում, որտեղ պահվում էր «Ռեալնի Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլա ֆաթուլաևը, ստուգումներ իրականացվեցին, ինչի արդյունքում Ֆաթուլաևի կոշիկի և հագուստիի մեջ թմրանյութեր «հայտնաբերվեցին»: Դեռևս այդ ժամանակ լրագրողը հայտարարել էր, որ դա իրենը չէ, և իր նկատմամբ հաշվեհարդար են տեսնում:

Չնայած այդ հանգամանքին` մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, թե Ֆաթուլաևի նկատմամբ շինծու մեղադրանք է հարուցվել, որով իշխանությունները ցանկանում են կրկին երկարացնել Ֆաթուլաևին ազատազրկման վայրում պահելու ժամկետը:

Սակայն, 2010 թվականի ապրիլի 22-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում ընդունեց, որի համաձայն՝ ադրբեջանական դատարանների գործողությունները համարվեցին անօրինական: Ինչից հետո, դատարանը կոչ արեց լրագրողին անհապաղ ազատ արձակել:

Սակայն ադրբեջանական իշխանությունները, հաշվի չառնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ինչպես նաև` մի շարք երկրների, միջազգային կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների հորդորները, հակառակ քայլերի գնացին:

Եվ ահա, Ֆաթուլաևի գործով, այս վերջին դատավարության առնչությամբ հանդես են եկել.

Բաքվում Նորվեգիայի դեսպանատում. Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե դեսպանատունն իր ափսոսանքն է հայտնում ադրբեջանական դատարանի կայացրած որոշման առնչությամբ: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի գործով վճիռը հրապարակվեց հենց այն ժամանակ, երբ սպասվում էր, որ ադրբեջանական իշխանությունները կյանքի կկոչեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը` ազատ արձակելով լրագրողին:

«Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ադրբջանական դատարանի որոշումը շոկ է առաջացնում:

Կազմակերպությունը վճռականորեն քննադատում է լրագրողի նկատմամբ կայացված որոշումը և նշում, թե ակնհայտ է, որ այս կերպ իշխանությունները փորձում են «լռեցնել քննադատական ձայնը»: «Սա ցույց է տալիս իշխանությունների արհամարանքն՝ ուղղված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման նկատմամբ, որը կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ֆաթուլաևին»,- նշված է այնտեղ:

Դատապարտող հայտարարությամբ հանդես են եկել նաև «Amnesty International» կազմակերպությունը և Լրագրողների պաշտանության կոմիտեն: «Ադրբեջանական իշխանությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ կարող են գնալ բոլոր քայլերին, միայն թե խլացնեն քննադատական կարծիքը»,- նշվում է կազմակերպությունների ներկայացուցիչ Անդրեա Ուբերի հայտարարության մեջ: Վերջինս նշել է, որ Ֆաթուլաևին պետք է անհապաղ ազատ արձակել, իսկ նրա դեմ հարուցված գործը` փակել:

Ադրբեջանական դատարանի որոշման քննադատությամբ հանդես է եկել նաև ԵԱՀԿ ԶԼՄ-ի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: «Ես խորապես հիասթափված եմ այդ որոշումից, որը ևս մեկ փորձ էր՝ կասկածելի մեղադրանքով «փակելու ադրբեջանական ԶԼՄ-ի բերանը»»,- նշել է նա:

«Ճաղերի ետևում պահելով անկախ լրագրողներին` Ադրբեջանը ի ցույց է դնում ազատ մամուլի ոլորտում ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու ցանկությունը»,- նշել է Միյատովիչը:

Ֆաթուլաևի գործի քննությունն ու նրա նկատմամբ դատարանի վճիռը արտացոլվել է նաև «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում:
 

Placeholder
Ֆրանսիայի կառավարությունը ևս արտահայտվեց