ՀՀ Նախագահը  ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք»  ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին
Սպորտ
17:01 23/07/2010

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին

Ինչպես նշել էինք, նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Ծաղկաձորում ` ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին:

Ողջունելով Հայաստանի բոլոր մարզերն ու Արցախը ներկայացնող ընտանիքներին, նախագահն անդրադարձավ առողջության խնդրին, որպես հաղթանակող սերնդի գրավական.

«Եթե մենք ասում ենք, որ մեր գլխավոր հարստությունը մարդն է` առաջին հերթին մենք պետք է աշխատենք, որ այդ մարդը լինի առողջ: Առողջ մարդը միշտ էլ ունակ է հաղթանակների ու պայքարի, առողջ մարդը միշտ ունակ է հասնելու հաջողությունների»,- նշեց Ս.Սարգսյանը:

Նախագահը նաև հույս հայտնեց, որ տարեց-տարի կավելանան մարզական ընտանիքների թիվը և դրանք ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր լինեն, քանի որ միայն առողջ միջավայրում է ծնվում առողջ միտքը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել և մրցանակներ ու վկայագրեր է հանձնել հաղթողներին:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Ծաղկաձորի նորակառույց «Ռոսիա» հյուրանոցային համալիր, որի կառուցման համար ներդրվել է ավելի քան 1 մլրդ դրամ և ծանոթացել միջազգային չափանիշներին համապատասխանող այդ համալիրի պայմաններին:
 

Placeholder
ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին