Փամուկի «Ձյունը» կէկրանավորվի. Էգոյանի նոր նախաձեռնությունը
Մշակույթ
12:31 30/07/2010

Փամուկի «Ձյունը» կէկրանավորվի. Էգոյանի նոր նախաձեռնությունը

Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը ցանկանում է ֆիլմ նկարահանել Թուրքիայում, գրում է թուրքական Hürriyet Daily News & Economic Review պարբերականը:  Վերջինիս թղթակիցը`  հայազգի Վերսիհան Զիֆլիօղլուն (VERCİHAN ZİFLİOĞLU), Էգոյանի հետ խոսել է  Երևանում, որտեղ ռեժիսորը գտնվում էր Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակներում և միաժամանակ նշում էր իր 50-ամյակը:

Հայերին ու թուրքերին երկխոսության կոչ անելով` Էգոյանն ասել է. «Մենք պետք է խոսենք 1915-ին կատարվածի մասին: Մինչ այժմ չի ստացվել երկխոսել, և Արևմուտքը օգտագործել է մեր ցավը իր քաղաքական հետաքրքրությունների համար», -թուրքական պարբերականին ասել է Էգոյանը:

Թերթը նշում է, որ Թուրքիայում Էգոյանի անունն ասոցացվում է իր հայտնի և ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմի հետ, որը թուրք ազգայնականների շրջանում բարկության մեծ ալիք էր բարձրացրել: Սակայն, չնայած այս ամենին, ըստ թուրքական աղբյուրի, Էգոյանը պատրաստվում է ֆիլմ նկարել Թուրքիայում: «Թուրք ռեժիսորների հետ նախաձեռնած մեր այս ծրագիրը հայ-թուրքական երկխոսությանն ուղղված շատ լավ քայլ է»-նկատել է կանադահայ ռեժիսորը:

Ֆիլմը, որը նախատեսում է նկարել Էգոյանը իր թուրք գործընկերների հետ հիմնված է լինելու թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի «Ձյունը» վեպի վրա: Էգոյանը Փամուկի ջերմ երկրպագուն է: «Ինձ համար մեծ պատիվ կլինի ֆիլմը նկարահանել Փամուկի «Ձյունը» վեպի հիման վրա», -ասել է ռեժիսորը:

Նա խոսել է նաև հայ-թուրքական ներկայիս հարաբերությունների մասին ու ասել, որ ինքը խորը հավատ ունի, որ երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող «երկաթյա վարագույրը» կվերանա, քանզի նախկինում պատահածը առաջնային քննարկման թեմա է:

Կանադահայ ռեժիսորը նաև ասել է, որ հավատում է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, ինչը, ըստ նրա, «հրաշալի քայլ է դեպի խաղաղ ապագան»:

«Հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը: Այն երկխոսության մթնոլորտ կձևավորի», -նշել է ռեժիսոր Էգոյանը` նկատելով որ ինքը շատ հպարտ է իր հայկական արմատներով և ունի մեծ երազանք` գոնե մեկ անգամ այցելել իր նախորդների երկիր` Արևմտյան Հայաստանի Մալաթիա նահանգի Արաբկիր վայրը:
 

Placeholder
Փամուկի «Ձյունը» կէկրանավորվի. Էգոյանի նոր նախաձեռնությունը