Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բ. Սահակյանը կառավարությանը հանձնարարել է աշնանացանը իրականացնել ժամանակին ու պատշաճ որակով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել գյուղատնտեսության և կրթության ոլորտներին վերաբերող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Սլավա Ասրյանը:
Անդրադառնալով 2011 թվականի բերքի տակ հացահատիկային մշակաբույսերի աշնանացանի աշխատանքներին, երկրի ղեկավարը հանրապետության կառավարությանը հանձնարարել է այն իրականացնել ժամանակին ու պատշաճ որակով, լուրջ ուշադրություն դարձնել վարկային և այլ միջոցների հատկացմանը և պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների ընթացքի մասին:
Բակո Սահակյանը նաև հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել բնական աղետների հետևանքով ստեղծված իրավիճակը և հիմնավորված առաջարկներ ներկայացնել` հողօգտագործողների կողմից վարկերի, հողի հարկերի ու վարձավճարների, ոռոգման դիմաց վճարների և այլ պարտավորությունների ժամկետները երկարաձգելու վերաբերյալ:
Խոսելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների մասին, Նախագահ Սահակյանը անդրադարձել է նաև Ստեփանակերտում 1-ից 4-րդ դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստների հատկացման հարցին: Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է դադարեցնել աշակերտներին դպրոցական համազգեստներ հատկացնելու գործընթացը` հաշվի առնելով հարցը համակողմանիորեն լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունը: