Գիտելիքի, գրի և դպրության օր. «Կրթված ու գիտակ մարդիկ միշտ էլ հարկավոր են»
Կրթություն, գիտություն
10:45 01/09/2010

Գիտելիքի, գրի և դպրության օր. «Կրթված ու գիտակ մարդիկ միշտ էլ հարկավոր են»

«Տղայիս տանում եմ առաջին դասարան: Կարծես` նա մի քիչ վախեցած լինի, իսկ ես էլ հուզված եմ: Երևի բնական է»,- ասաց Խաչիկի մայրը, ով որդու ձեռքից պինդ բռնած մտնում էր դպրոց:

«Ես շատ էի ուզում ընդունվել, ուսանող դառնալ: Իմ երազանքը կատարվեց: Բայց մի քիչ, չգիտեմ ինչպես ասեմ, վախեցած եմ կամ շփոթված, որ մուտք եմ գործում մայր բուհ»,- ասաց առաջին կուրսեցի Աննան:

Այսօր Հայաստանում նշվում է Գիտելիքի, գրի և դպրության օրը` ուսումնական նոր տարվա մեկնարկը:

Կրթությունը, ուսումը միշտ էլ կարևոր է եղել հայերի համար: Բոլոր ծնողներն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները լավ սովորեն, որպեսզի լավ մարդ դառնան: «Այսօր ասում են տեխնիկայի դարաշրջան է: Ինչի ուզում ես` հասնում ես տեխնիկայի միջոցով, ինչ ուզում ես իմանալ` բացի ինտերնետը ու այնքան տեղեկություն քո առջև կհայտնվի, որ ինքդ էլ կմոլորվես: Բայց մի՞թե մարդ այդ ամեն ինչին չի հասել իր գիտելիքի շնորհիվ: Միգուցե 100 տարի, կամ գուցե ավելի շուտ, ստեղծվեն այնպիսի բաներ, որ այսօրվա տեխնիկան զրոյական լինի դրանց առջև: Այնպես որ, գիտելիքը միշտ էլ հարկավոր է, կրթված ու գիտակ մարդիկ միշտ էլ հարկավոր են: Պետք չէ մոռանալ, որ այդ ամեն ինչի հիմքը դրվում է դպրոցում, այնուհետև` արդեն բուհում: Ասեմ նաև` կրթության, գիտելիքի վրա հիմնված հասարակությանը երբեք հնարավոր չէ կոտրել, թևաթափ անել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուսուցչուհի Ա. Ղազարյանը:

«Իհարկե, ես ուզում եմ, որ իմ երեխան լավ սովորի: Ով չի ուզում դա: Ուղղակի այսօր մի քիչ ժամանակները փոխվել են. այնքան էլ շատ չեն այն երեխաները, ովքեր ուզում են գիտելիքի շնորհիվ ինչ-որ բանի հասնել: Այնպես պետք է անեմ, որ իմ երեխան չլինի հենց դրանց շարքերում, այնպես պետք է անեմ, որ իմ երեխան հեռու մնա նրանցից: Ես հաճախ եմ տղայիս ասում` պետք է սովորես, որ կարողանաս հայրիկիդ նման լավ տեղ աշխատես, հայրիկիդ նման խելացի լինես: Տեսնեմ` ինչ կլինի»,- ասաց 2-րդ դասարանից Գուրգենի մայրը:

Թեև այսօր շատերն են կարծում, որ գիտությունը, կրթությունը երկրորդ պլան է մղվել, բայց շատ-շատերն էլ շարունակում են կարծել, որ միայն գիտելիքի շնորհիվ կարելի է հասնել նպատակների իրականացման, ու ինչու չէ նաև` բարձր պաշտոններում աշխատել:

Նշենք, որ այս տարի առաջին դասարան է հաճախում 37 հազար 390 աշակերտ, իսկ առաջին կուրս` շուրջ 11 հազար ուսանող:

Placeholder
Գիտելիքի, գրի և դպրության օր. «Կրթված ու գիտակ մարդիկ միշտ էլ հարկավոր են»