Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայրաքաղաքի դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան. 201 դպրոցները կդիմավորեն մոտ 9700 առաջին դասարանցիների
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր 201 դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին: 2010 թվականի ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի թվով 24 դպրոցներում: Վերանորոգման աշխատանքների ընթացքում փոխվել են դպրոցական շենքերի հաղորդուղիները, բարեկարգվել են տանիքները, նորոգվել են սպորտային և հանդիսությունների դահլիճները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցների վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է մոտ 618 մլն դրամ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ծավալուն շինարարական աշխատանքներ են ընթանում նաև մայրաքաղաքի նախադպրոցական կրթական հաստատություններում: Ծրագրում ընդգրկված 102 մանկապարտեզներում տեղադրվում են ջեռուցման համակարգեր, որոնցից 11 մանկապարտեզում նախատեսվում է լոկալ կաթսայատների կառուցում: Օգոստոսի 31-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են 32 մանկապարտեզներում, ևս 3-ում կավարտվեն օրերս:
Ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովված կլինեն ջեռուցման անհատական համակարգերով: Այդ նպատակով Երևանի համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլրդ 200 մլն դրամ: Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական աշխատանքների ընթացքի նկատմամբ հաստատված է խիստ հսկողություն:
Քաղաքապետի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անապահով ընտանիքների 1-4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ և գրենական պիտույքներ: Բացի այդ, որպես պետական սոցիալական աջակցություն, Երևան քաղաքի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ:
Այս տարի սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանի ենթակայության 201 դպրոցները կդիմավորեն մոտ 9700 առաջին դասարանցիների, իսկ բոլոր դասարաններում ընդհանուր առմամբ կսովորեն 104704 աշակերտներ: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներն ունեն 214 համակարգչային դասարան` 2081 համակարգիչներով, 30 էլեկտրոնային գրատախտակներով: Դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, այդ թվում 16 դպրոց ընդգրկված է Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում: Կրթական բարեփոխումների արդյունքում մայրաքաղաքում արդեն ձևավորվել և գործում է 31 ավագ դպրոց: