Վարչապետ. Ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են
Տնտեսություն
14:48 18/09/2010

Վարչապետ. Ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին, ում մանդատի ժամկետը Հայաստանի Հանրապետությունում ավարտվում է։ Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ուոլտեր Կալինին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների համար և կարևորել Հայաստանում ներքին տեղահանվածների խնդիրների լուծման հարցում ՄԱԿ-ի համապատասխան օղակների կողմից օժանդակության տրամադրումը։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում։ Այդ համատեքստում նա ընդգծել է տեղահանված անձանց բնակարաններով և աշխատանքով ապահովելու կարևորությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ուոլտեր Կալինը ասել է, որ 2009 թվականին Ժնևում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ իրեն է ներկայացվել վերադարձի ծրագրի նախագիծը։ Անհրաժեշտ համարելով ներքին տեղահանվածների ապահովումը ոչ միայն բնակարաններով, այլև սոցիալական բարեկեցիկ պայմաններով` Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն առաջնային է համարել նախագծի վերանայումն ու լրամշակումը։ Դրան ի պատասխան վարչապետը նշել է, որ փոխվարչապետին կտրվի համապատասխան հանձնարարական ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ միասին աշխատելու նախագծի վերամշակման ուղղությամբ։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են 2011 թվականի սկզբին կազմակերպվելիք դոնոր կազմակերպությունների կոնֆերանսին։
 

Placeholder
Վարչապետ. Ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են