Միջազգային ստանդարտներին համապատասխանող զբոսավարների նոր սերունդ` Հայաստանում
Տնտեսություն
13:55 29/09/2010

Միջազգային ստանդարտներին համապատասխանող զբոսավարների նոր սերունդ` Հայաստանում

Հայ զբոսավարների գիլդիայի նախաձեռնության և CAPS ծրագրի օժանդակության շնորհիվ վերջերս իրականություն դարձավ միջազգային ստանդարտներին համապատասխան և տարածաշրջանում առաջին զբոսավարների պատրաստման դասընթացը, որը լուրջ ձեռքբերում էր Հայաստանում մրցունակ զբոսաշրջային կլաստեր ստեղծելու ուղղությամբ:

Զբոսավարների միությունների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) կողմից, նախ Հայաստանում, ապա Կիպրոսում ` WFTGA-ի տարածաշրջանային կենտրոնում, և Ինդոնեզիայում` զբոսավարների տարեկան միջազգային համագումարի շրջանակներում նախապես վերապատրաստված դասընթացավարները շուրջ 4 ամիս աշխատել են ծրագրի 16 մասակիցների հետ:

Նոր դասընթացի առանձնահատկությունը զբոսավարի մասնագիտական հմտությունների զարգացման ուղղվածությունն է, ինչը ենթադրում է տեսական գիտալիքներից բացի նաև գործնական վարժանքներ, որոնք կազմում են դասընթացի 60%-ը: Գործնական դասաժամերին զբոսավարները սովորում են օտարերկրացիների հետ հաղորդակցման, առաջնորդելու հմտություններ, նաև ձեռք են բերում ճգնաժամային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, եւ առաջին շտապ օգնության ցուցաբերելու հմտություններ: Ծրագրի մասնակիցների համար իրականացվում է նաև ավտոբուսային պտույտ մայրաքաղաքում, բացօթյա տուրեր տեսարժան վայրերում և զբոսավարություն թանգարաններում:

Անցած 3 տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և շահագրգիռ աջակցության շնորհիվ արդեն պատրաստվել է WFTGA-ի պահանջներին համապատասխան 18 նոր զբոսավար, եւ վերապատրաստվել է ընդհանուր առմամբ 41 լիցենզավորված զբոսավար, որից 12-ը Հայաստանի մարզերից:

CAPS ծրագրի (Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագիր) մասնագետների փոխանցմամբ, այն, որ զբոսավարների մասնագիտական դասընթացները մեծ հետաքրքրություն եւ պահանջարկ են վայելում, ապացուցվում է նաև մասնակիցների աճող թվով: Չնայած դասընթացի կազմակերպման բարձր ծախսերին, որոնց հետեւանքով 4 ամսյա ուսուցումը արժե 200 հազար դրամ, դիմորդների` ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների, հոսքը դեպի Հայ զբոսավարների գիլդիա զբոսավարի մասնագիտացում ստանալու նպատակով, միայն ավելանում է:

Placeholder