Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Անիի Մայր տաճարում նամազ կազմակերպելը քաղաքական սադրանք է
Հասարակություն
14:08 02/10/2010

Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Անիի Մայր տաճարում նամազ կազմակերպելը քաղաքական սադրանք է

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հանդես է եկել հայտարությամբ, որտեղ ասված է. «Վրդովմունքով տեղեկացանք, որ Թուրքիայի իշխանությունների արտոնությամբ հոկտեմբերի 1-ին «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից նամազ է կազմակերպվել Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում:

Սույն քայլը քաղաքական սադրանք է և որևէ առնչություն չունի հոգևոր-բարեպաշտական զգացումների և կրոնական ազատության ու իրավունքների հետ: Միաժամանակ դա փորձ է ժխտելու հայկական պատկանելությունը Անիի մայր տաճարի, որ աղոթազրկվել է հայոց ցեղասպանության հետևանքով: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այսօրինակ գործողությունները, որոնք սերմանում են անհանդուրժողություն և հայատյացություն: Բացարձակապես անընդունելի է նաև քրիստոնեական սրբավայրի տրամադրումը նամազի համար` այն դեպքում, երբ հետևողականորեն արգելվում է քրիստոնեական ժառանգության իրավատերերին պաշտամունք մատուցել իրենց իսկ տաճարներում: Այսպիսով, թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քայլերը` ուղղված հայկական հիշատակների ոչնչացմանը և հայոց պատմական սրբավայրերի ու մշակութային արժեքների յուրացմանը:

Ակնհայտ է նաև, որ սույն քայլով Թուրքիան վերստին ի դերև է հանում Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը` ի նպաստ հայ-թուրքական երկխոսության հաստատման և հարաբերությունների կարգավորման»:
 

Placeholder
Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Անիի Մայր տաճարում նամազ կազմակերպելը քաղաքական սադրանք է