Մենք հասնելու ենք կրթական համակարգի էական բարելավման. Նախագահը շնորհավորել է ուսուցիչներին
Կրթություն, գիտություն
10:01 04/10/2010

Մենք հասնելու ենք կրթական համակարգի էական բարելավման. Նախագահը շնորհավորել է ուսուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը: Այդ գալիքը կլինի այնքան պայծառ, որքան բարձրակարգ, նվիրված ու ջանասեր կլինեն մեր ուսուցիչներն այսօր:

Հայաստանի հանրակրթության համակարգն այսօր ապրում է բարեփոխումների դժվարին ժամանակահատված, որ, վստահ եմ, տալու է իր դրական արդյունքները: Մենք հասնելու ենք կրթական համակարգի էական բարելավման: Այս առումով կրկնակի կարևորվում է ուսուցչի դերը, և բարձրանում նրա պատասխանատվությունը:

Ազգային հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր ու շնորհակալ գործ, քան աշակերտ կրթելու և հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելությունն է:

Սիրելի՛ ուսուցիչներ,
Կրկին շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում հաջողություններ: Ձեր յուրաքանչյուր փոքր թվացող հաջողությունը դասասենյակում տասնամյակներ անց անդրադառնալու է որպես Հայաստանի քաղաքացու մեծ հաջողություն իր կյանքում և մասնագիտության մեջ»:
 

Placeholder
Մենք հասնելու ենք կրթական համակարգի էական բարելավման. Նախագահը շնորհավորել է ուսուցիչներին