Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Մշակույթ
10:06 04/10/2010

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Ջիգարխանյան, Սիրելի վարպետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն և երկար տարիների կյանք:

Բեմեր ու դահլիճներ նվաճելու Ձեր բացառիկ տաղանդով, անձնական անսահման հմայքով, անսպառ աշխատունակությամբ ու աշխատասիրությամբ ավելի քան հինգ տասնամյակ Դուք բարության ու իմաստնության սերմեր եք ցանում թատրոնի և կինոարվեստի անդաստանում, վայելում համաժողովրդական սեր ու համակրանք: Ամուր կապված լինելով ազգային արմատներին` Դուք ծառայում եք համամարդկային արժեքներին և ժամանակակից կինոյի ամենաակնառու դեմքերից մեկն եք:

Ձեր արգասաբեր ստեղծագործական կյանքն արվեստի նվիրյալի վառ օրինակ է և ուղենիշ երիտասարդ արվեստագետների համար: Մենք հպարտ ենք և ավելի ուժեղ Ձեզանով:

Կրկին շնորհավորում եմ և մաղթում արևշատություն և նորանոր ստեղծագործական հաջողությունների բերկրանք»:
 

Placeholder
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին ծննդյան օրվա կապակցությամբ