«ԲՈՒՀ-ից աշխատաշուկա - 3» ծրագիրն ամփոփել է արդյունքները
Տնտեսություն
12:30 06/10/2010

«ԲՈՒՀ-ից աշխատաշուկա - 3» ծրագիրն ամփոփել է արդյունքները

2008 թվականից CAPS ծրագիրը (ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում») կազմակերպում է «ԲՈՒՀ-ից աշխատաշուկա» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական հաստատությունների բարձր կուրսերի ուսանողներին վճարովի պրակտիկա անցնել Հայաստանի առաջատար կազմակերպություններում:

Այս տարի ծրագրին կարող էին դիմել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագիտության, ճարտարագիտության կամ մարկետինգի մասնագիտություն ստացող ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում սովորող ուսանողները: Պրակտիկայի տևողությունը երեք ամիս էր:

Մինչ ծրագրի մեկնարկը, բոլոր ԲՈՒՀ-երում փակցվել են գունավոր տեղեկատվական պաստառներ: Հայտարարությունը տարածվել է նաև համապատասխան ընկերությունների շրջանում:

«Ուսանողների կողմից հատուկ դիմումի ձև լրացնելուց հետո, կազմվել է ուսանողների տվյալների բազա ըստ ոլորտների, այնուհետև բազան փոխանցել ենք մեզ դիմած ընկերություններին և նրանց ուսումնասիրություններից հետո CAPS-ի հետ համատեղ կատարվել է ուսանողների ընտրություն»,- նշեց ծրագրի պատասխանատու Անուշ Շահվերդյանը:
Այսօր արդեն ամփոփելով ծրագրի արդյունքները, կազմակերպիչներն ու մասնակիցները տալիս են միայն դրական գնահատական:

CAPS (ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ) աշխատուժի զարգացման մասնագետ, ծրագրի պատասխանատու Անուշ Շահվերդյանի փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն էր լրացնել ձեռք բերված գիտելիքների (առաջարկի) և պահանջվող հմտությունների (պահանջարկի) միջև առկա անհամապատասխանությունը, օգնել երիտասարդներին ձեռք բերելու արժեքավոր հմտություններ և փորձ` աշխատուժի շուկայում ավելի մրցունակ դառնալու նպատակով: Կա ևս կարևոր մի հանգամանք՝ ուսանողների երեք ամսյա պրակտիկան վարձատրվել է գործատուների կողմից:

Այս տարի նախապես սահմանված մասնագիտությունների գծով (զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, դեղագիտություն, ճարտարագիտություն և մարկետինգ ) «ԲՈՒՀ-ից աշխատաշուկա - 3 » ծրագրին մասնակցել է 40 ուսանող, որոնցից 22 արդեն ունեն երկարաժամկետ աշխատանքային պայմանագրեր առաջատար ընկերությունների հետ:
Մասնավորապես ՏՏ ոլորում 20 ուսանողից աշխատանք ունեն 12-ը, տուրիզմի ոլորտում 9-ից 5-ը և դեղագործության ոլորտում 9-ից 3-ը:

Placeholder