Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայկական մրցանակակիր ֆիլմերը ցուցադրվելու են Ամերիկյան Հանրային հեռուստատեսությամբ
Առաջին անգամ երկու հայկական մրցանակակիր վավերագրական ֆիլմեր, առաջիկա երկու կիրակի օրերին կցուցադրվեն ԱՄՆ հանրային Փի Բի Էս (PBS) հեռուստատեսությամբ:
Այս մասին հայտնում են Բարս Մեդիա ընկերությունից:
Կիրակի, հոկտեմբերի 17-ին Փի Բի Էս- ի հեռուստակայանները ԱՄՆ ողջ տարածքում կներկայացնեն «Հայաստանի վերջին լարախացը»` ջերմ, խոհական, գեղեցիկ պատմություն լարախաղացների մեռնող արվեստի, երկու հին վարպետների շարունակական մրցակցության իրենց միակ աշակերտի նկատմամբ փայփայած հույսերի մասին: Ֆիլմ այս տարի «Ոսկե Ծիրան» փառատոնում արժանացել է Լավագույն Հայկական ֆիլմ մրցանակին, իսկ «Ռոսիա» վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» 7 «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակներին: Այն արդեն ցուցադրվել է Ճապոնական Էն Էյջ Քեյ (NHK), Շվեդական Էս Վի Թի (SVT) և այլ մի շարք եվրոպական հեռուստաալիքներով:
Հաջորդ կիրակի, հոկտեմբերի 24-ին նույն հեռուստակայանները կցուցադրեն «Պատմություններ պատերազմի 7 խաղաղության օրերից» կինոնկարը, որ ներկայացնում է Արցախյան պատերազմի ընթացքում խրամատների մեջ տարիներ անցկացրած մարտիկների կյանքի մասին: Այս ֆիլմն արդեն ցուցադրվել է Բի-Բի-Սի, ԱՌՏԵ և այլ միջազգային հեռուստաընկերությունների կողմից` արժանանալով ավելի քան 20 մրցանակների` ներառյալ FIPRESCI-ի` Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակը, իսկ եւ Նյու-Յորքի Տրիբեկա Ֆիլմերի փառատոնում ֆիլմի ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանին շնորհվեց «Վավերագրական Ֆիլմերի Լավագույն Նոր Ռեժիսոր» մրցանակը:
«Հայաստանի վերջին լարախաղացը» երիտասարդ ռեժիսորներ Իննա Սահակյանի և Արման Երիցյանի համատեղ աշխատանքն է: Երկու հեղինակներն էլ մի քանի վավերագրական ֆիլմեր են ստեղծել վերջին տասնամյակում: Ի. Սահակյանը հեղինակել է ավելի քան 10 սոցիալական վավերագրություններ հայկական հեռուստատեսության համար և համագործակցել իբրև ռեժիսորի ասիստենտ «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմում: Ա.Երիցյանը ղեկավարել է մի շարք մրցանակակիր վավերագրական ֆիլմեր, ներառյալ «Բաց երկնքի տակ» և «Մնաս բարով Ֆելլինի» կինոֆիլմերը:
Փետրվար ամսից նախատեսվում է նաև ֆիլմերի լայնէկրան ցուցադրումը Հայաստանի կինոթատրոններում:
Երկու ֆիլմերն էլ ստեղծվել են Բարս Մեդիա ընկերությունում, որը հիմնադրվել է 1993 թ. Վարդան Հովհաննիսյանի կողմից: Բարս Մեդիա-ն մասնագիտանում է մարդկային պատմությունների, մշակույթի և պատմության, ինչպես նաև այլ սոցիալական խնդիրների վերաբերյալ վավերագրությունների ստեղծման մեջ: Ներկայումս ընկերությունը պատրաստում է վավերագրական ֆիլմեր Աֆրիկայում, Ռուսաստանում և Աֆղանստանում: