«Արարատ»-ը մասնակցեց «Golden Prague» հեռուստաֆիլմերի փառատոնին
Մշակույթ
12:54 22/10/2010

«Արարատ»-ը մասնակցեց «Golden Prague» հեռուստաֆիլմերի փառատոնին

Հոկտեմբերի 16-20-ը Պրահայում կայացել է չեխական «Golden Prague» մշակութային հեռուստաֆիլմերի միջազգային 47-րդ փառատոնը: Այն բավականին հեղինակավոր փառատոն է, որ յուրաքանչյուր տարի կազմակերպում է չեխական CT հանրային հեռուստատեսությունը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, դեսպանության և CT հեռուստատեսության ղեկավարության համագործակցության արդյունքում փառատոնին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանը` հանձինս «Արարատ» մշակութային հեռուստաալիքի, իսկ փառատոնի գլխավոր հովանավորությունը ստանձնել է չեխահայ գործարար Գևորգ Ավետիսյանը:

Փառատոնի բացման օրը` հոկտեմբերի 16-ին, CT հեռուստատեսությանը հարցազրույց է տվել դեսպան Աշոտ Հովակիմյանը` իր գոհունակությունը հայտնելով, որ փառատոնին «Արարատ» հեռուստաալիքի մասնակցությամբ չեխ հեռուստադիտողը հնարավորություն է ստանում ծանոթանալ հայկական մշակույթին:

Հոկտեմբերի 17-ին «Արարատ» հեռուստաալիքը փառատոնի շրջանակներում ներկայացրել է իր կողմից պատրաստված տեսաֆիլմը հեռուստաալիքի ծրագրերի վերաբերյալ: Տեսաֆիլմում ներկայացված էր հայկական մշակույթն իր բազմազան ժանրերով:

Միջոցառմանը ներկա էին փառատոնի ղեկավարությունը, չեխական տարբեր հեռուստաալիքների և մշակույթի ոլորտի, փառատոնին մասնակից երկրների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: «Արարատ» հեռուստաալիքի տեսաֆիլմը ցուցադրվել է նաև CT հեռուստատեսությամբ:


 

Placeholder
«Արարատ»-ը մասնակցեց «Golden Prague» հեռուստաֆիլմերի փառատոնին