Երկրի ղեկավարը ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
Քաղաքական
14:22 04/11/2010

Երկրի ղեկավարը ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմիին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-ԱՄԷ առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի տեղեկացմամբ, նախագահը կարևորել է գործարար համաժողովի անցկացումը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը և Էմիրություններից շուրջ հինգ տասնյակ գործարարների մասնակցությունը առաջին համաժողովին համարելով արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզբ:

ԱՄԷ արտաքին առևտրի նախարար շեյխուհի Լուբնա ալ Քասիմին գոհունակությամբ է խոսել իր այցի ընթացքում Հայաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների և համաժողովի աշխատանքի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նա նշել է, որ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ են քննարկվել, որոնք հաջողությամբ կյանքի կկոչվեն` նկատի առնելով երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ երկկողմ գործնական և արդյունավետ ջանքերը:

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի դերը` հույս հայտնելով, որ հետագա նիստերում հանձնաժողովը կքննարկի և տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նախագծեր կհաստատի ու կյանքի կկոչի:

Placeholder
Երկրի ղեկավարը ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները