Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրակրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն համակարգիչներով
Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային հագեցվածության բարձրացման նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը որոշել է 2010թ. հատկացնել 700000 հազար դրամ` համակարգչային հավաքածուների գնման համար։ Դա հնարավորություն կտա ձեռք բերել 250 համակարգչային հավաքածու, ինչը կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային հագեցվածության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Սույն որոշման բարերար ազդեցությունը հատկապես կզգան մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները։
Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, սա չափազանց կարևոր միջոցառում է;
«Կա նաև ՀՀ նախագահի հանձնարարականը` դպրոցներում կոմպյուտերիզացիայի մակարդակը բարձրացնելու խնդիր ունենք և այդ ցուցանիշով դեռևս զիջում ենք շատ երկրների։ Եվ եթե տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնահերթություն է, բնականաբար, մեծ ուշադրություն պետք է դարձնենք, թե դպրոցներում ինչ մակարդակի վրա է գտնվում դասավանդումը և համակարգիչներ ունե՞ն, թե չունեն։ Ցավոք, դեռևս իրավիճակը շտկելու կարիք ունի, լուրջ ներդրումներ պետք է անենք այս ուղղությամբ»,- ասաց վարչապետը;
Նրա խոսքերով, տեղեկատվական տեխնոլագիաների ոլորտում այսօր առկա մասնավոր ընկերություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել օժանդակելու դպրոցներում պիլոտային ծրագրեր իրականացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման գործում, և, բնականաբար, այս համակարգիչներով դպրոցները հագեցնելը էապես կօգնի ՏՏ բնագավառում առաջընթաց ապահովելու գործում։