ԵՄ-ին առաջարկել են վերացնել ռոումինգի դիմաց գանձվող վճարը
Տնտեսություն
10:48 17/11/2010

ԵՄ-ին առաջարկել են վերացնել ռոումինգի դիմաց գանձվող վճարը

Եվրախորհրդարանի փոխնախագահ Զիլվանա Կոխ-Մերինն (Silvana Koch-Mehrin) առաջարկել է հաջորդ տարվանից վերացնել ԵՄ տարածքում ռոումինգի համար գանձվող վճարը:
Այս մասին հաղորդում է The Local կայքը:

Կոխ-Մերինը հայտարարել է, որ ռոումինգի համար վճարը ներդրվել է մոտ 20 տարի առաջ, երբ բջջային հեռախոսները հասանելի էին միայն եզակի մարդկանց: Նրա խոսքով, ժամանակն է, որպեսզի ԵՄ տարածքում ստեղծվի հեռահաղորդակցության ծառայությունների միասնական շուկա:
Կայքի տվյալների համաձայն, փոխնախագահի առաջարկն արդեն ուղարկվել է քննարկման Եվրահանձնաժողով: Որոշումը կկայացվի առաջիկայում:

Ներկայում, ԵՄ տարածաշրջանում գրանցված է մոտ 500 մլն բջջային կապից օգտվող բաժանորդ: Միևնույն ժամանակ, նրանց մեծ մասն օգտվում է առաջատար՝ Vodafone, T-Mobile, Orange և Telefonica/O2 եվրոպական օպերատորների ծառայություններից:

ԵՄ-ում արդեն մի քանի տարի փորձում են իջեցնել ռոումինգի սակագները:
2008 թվականին նման առաջարկ էր արել հեռահաղորդակցության հարցերով եվրոպական հանձնակատար Վիվիեն Ռեդինգը:

2009 թվականի հուլիսին ԵՄ 27 երկրներ պայմանավորվեցին իջեցնել ռոումինգի սակագինը. SMS հաղորդագրության գինը իջավ 11 ցենտով, իսկ 1 մեգաբայթ թրաֆիկի գինը ՝ 50 ցենտով:

Placeholder
ԵՄ-ին առաջարկել են վերացնել ռոումինգի դիմաց գանձվող վճարը