Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
28% Սերժ Սարգսյանին, 10% Գագիկ Ծառուկյանին, 4% Լևոն Տեր-Պետրոյանին. Եվրոպացի բարեկամների նոր հարցումները
Ո՞ր թեկնածուի օգտին Հայաստանի ժողովուրդը ձայն կտար, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային այս կիրակի: Մայքլ Քամբեքի (Michael Kambeck) ղեկավարած Հայաստանի Եվրոպական բարեկամներ կազմակերպությունը (EuFoA) այս հարցով դիմել է հայաստանցիներին ու ստացել հետևյալ պատկերը. Հարցվածների 28 տոկոսը պատասխանել է, որ ձայնը կտար գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, 10 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր Գագիկ Ծառուկյանի օգտին, իսկ ընդամենը 4 տոկոսն է պատասխանել, որ կքվեարկեր արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին:
2-ական տոկոս ձայն էլ ստացել են ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, իսկ 1 տոկոս ձայն ստացել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այսօրվա ասուլիսում Քամբեքն ասաց, որ հետազոտության պատվիրատուն Հայաստանի Եվրոպական Բարեկամներ կազմակերպությունն է, իսկ հայաստանյան գործընկերն է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը: Հարցումների մեթոդաբանության գործում օգնել է բրիտանական հեղինակավոր «Պոպուլուս» (Populus) կազմակերպությունը:
«Պոպուլուս» ընկերության գործադիր տնօրեն Էնդրյու Կուպերն (Andrew Cooper) ասաց, որ բոլոր տարիքային խմբերին պատկանող հարցվածների մեծամասնությունն ասել է, որ իր ձայնը կտա հենց Սերժ Սարգսյանին: Նա նաև նկատեց, որ գործող նախագահն ավելի շատ կողմնակիցներ ունի մեծահասակների շրջանում:
Լրագրողը հետաքրքրվեց, չի՞ վախենում արդյոք հարցումն իրականացրած կազմակերպությունը իր հանդեպ ձևավորվելիք անվստահության մթնոլորտից և այն բանից, որ բուռն քննադատության կարժանանա Հայ Ազգային կոնգրեսի կողմից, որի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ հարցման արդյունքների «վաստակել» է 4 տոկոս ձայն, այն դեպքում, երբ նախագահական ընտրությունենրի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանն ստացել է եռակի անգամ ավել ընտրաձայն:
Քամբեքն ի պատասխան նկատեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը և հարցումն իրականացրած ընկերությունները շահագրգիռ կողմ չեն և քաղաքական խաղերի մեջ չեն մտնում: «Մենք հ/կ ենք, որ գործում ենք Բրյուսելում և սրանով ընդամենը ուղերձ ենք հղում կողմերին: Մենք չենք ստուգել, թե ինչու են այս կամ այն թեկնածուի օգտին կողմ կամ դեմ արտահայտվել, մենք ուղղակի արտացոլել ենք իրավիճակը», -հավելեց EuFoA-ի ղեկավարը` ընդգծելով, որ ինքն անձամբ է ստուգել բոլոր հարցերն ու պատասխանները, բոլոր համակարգչային ֆայլերը:
Միևնույն ժամանակ, ըստ «Պոպուլուսի» ղեկավար Էնդրյու Կուպերի, թեպետ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձր է, դրան հակառակ ցածր է Հանրապետական կուսակցության վարկանիշը, և ըստ հարցման արդյունքների խորհրդարանական ընտրություններում հարցվածների մեծամասնությունը` 26 տոկոս ձայն կտա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: Իսկ Հանրապետական կուսակցության օգտին ձայն կտա հարցվածների 21 տոկոսը:
Հետազոտությունն անցկացվել է հոկտեմբերի 15-ից 18-ը դեմ առ դեմ կատարված 1208 հարցազրույցների միջոցով` Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանում: