Վ.Մարության. «Հեռահաղորդակցության շուկայի ազատականացումն ազդակ է  նոր տեխնոլոգիական լուծումների ներդրման համար»
Տնտեսություն
17:32 14/12/2010

Վ.Մարության. «Հեռահաղորդակցության շուկայի ազատականացումն ազդակ է նոր տեխնոլոգիական լուծումների ներդրման համար»

Այսօր Ծաղկաձորում մեկնարկել է Հեռահաղորդակցության միջազգային միության` ԱՊՀ անդամ երկրների համար «Նոր տեխնոլոգիաները և նրանց ազդեցությունը կարգավորման վրա» թեմայով եռօրյա սեմինարը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության անունից բացման խոսքով հանդես է եկել փոխնախարար Վալտեր Մարությանը և նշել, որ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի ազատականացումը վերջին հինգ տարիների ընթացքում բերել է ոչ միայն կապի ծառայությունների գների նվազեցման, այլ աննախադեպ ազդակ է հանդիսացել նոր տեղնոլոգիական լուծումների ներդրմանը:
Մասնավորապես, 2009թ.-ին բջջային կապի ծառայություններ մատուցող բոլոր երեք օպերատորների կողմից շահագործվել է 3-րդ սերնդի բջջային կապը, որը հնարավորություն է տվել ապահովելու մեկ վայրկյանում մի քանի մ/բիտ մուտքի արագություն և այսօր անլար մուտքը լարայինի ռեալ մրցակիցն է: Իսկ այս տարի ցանցին միանում է արդեն 4-րդ սերնդի բջջային կապը, որն ավելի կսրի մրցակցությունը և արդյունքում կբարելավվի որակը:

Ֆիքսված հեռախոսակապն էլ իր հերթին ցուցաբերում է զարգացման նոր տեմպեր, Fiber To The Home տեխնոլագիաների ներդրումով ներկայումս ապահովում են միանգամից երկրի մի քանի օպերատորներ:

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի ծառայությունից:
Վ. Մարությանն իր խոսքում ընդգծել է նաև, որ սեմինարի թեման շատ արդիական է հատկապես Հայաստանի համար, իսկ բարձրակարգ մասնագետների կողմից ներկայացված նյութերը հիմք կհանդիսանան արդյունավետ որոշումների ընդունման համար, ինչպես երկիր հեռահաղորդակցության ոլորտի քաղաքականության մշակման զարգացման գործում, այնպես էլ նոր, ժամանակակից մոտեցումների մշակման հարցում:

Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Օրոզբեկ Կայկովը նշել է, որ յուրաքանչյուր երկրում ենթակառուցվածքների զարգացումը կախված է այդ ոլորտի կարգավորումից, այդ թվում` համապատասխան նախարարության և անկախ հանձնաժողովի գործառույթների հստակեցումից:

Նշենք, որ ավելի քան 10 երկրների առաջատար մասնագետներ եռօրյա սեմինարի ընթացքում կներկայացնեն իրենց երկրների փորձը, ոլորտի զարգացման հեռանկարները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք անհարժեշտ է լուծել նոր սերնդի ցանցերի ստեղծման և դրանց արդյուանվետ օգտագործման համար:
 

Placeholder
Վ.Մարության. «Հեռահաղորդակցության շուկայի ազատականացումն ազդակ է նոր տեխնոլոգիական լուծումների ներդրման համար»