Քաշաթաղում նոր հիդրոէլեկտրակայան է բացվել
Տնտեսություն
11:15 04/01/2011

Քաշաթաղում նոր հիդրոէլեկտրակայան է բացվել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 3-ին այցելել է Շուշիի և Քաշաթաղի շրջաններ, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից: Շուշի քաղաքի շրջակայքում նախագահը մասնակցել է նորակառույց տրանսֆորմատորային ենթակայանի բացման միջոցառմանը: Այնուհետև Բակո Սահակյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո-Մելիքաշեն հատվածում մասնակցել է «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը, ինչպես նաև տեղում ծանոթացել «Սյունիք-2» հիդրոէլէկտրակայանի կառուցման աշխատանքներին:

Ըստ աղբյուրի, նախագահը կարևոր է համարել վերոհիշյալ օբյեկտների նշանակությունը Արցախի էներգետիկայի զարգացման համար՝ ընդգծելով, որ աշխատանքներն այս ուղղությամբ կկրեն շարունակական բնույթ:

Նույն օրը Բակո Սահակյանը Բերձոր շրջկենտրոնում մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Տեղեկանում ենք, որ Արցախի նախագահը կարևորել է Բերձոր քաղաքի շենացման աշխատանքները՝ տնտեսական, սոցիալական և քաղաքական առումներով:

Այցի վերջում նա Քաշաթաղի շրջանի Մելիքաշեն գյուղում խորհրդակցություն է հրավիրել Սոնասարի և Աղավնոյի ձորակների համայնքների ղեկավարների հետ, որտեղ քննարկվել են համայնքների առջև ծառացած հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Միջոցառումներին ներկա են եղել հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, Արցախի և Հայաստանի խորհրդարանների պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Քաշաթաղում նոր հիդրոէլեկտրակայան է բացվել