Եվրոպական ակումբները` ՖԻՖԱ-ի հետ պատերազմի նախաշեմին
Աշխարհում
13:50 09/02/2011

Եվրոպական ակումբները` ՖԻՖԱ-ի հետ պատերազմի նախաշեմին

Եվրոպական ակումբների ֆեդերացիան Ժնևում կայացած ամենամյա հերթական ասամբլեայում հանդես է եկել ՖԻՖԱ-ի կոշտ քննադատությամբ: Հին աշխարհի առաջատար թիմերի ներկայացուցիչների կարծիքով` ֆուտբոլային բարձրագույն մարմնի` որոշումների կայացման մեխանիզմը հնացել է, իսկ ինքը` կազմակերպությունը, հաստատել է հարաբերությունների «մոնոպոլ» համակարգ:
Եվրոպական թիմերի ղեկավարների դժգոհությունն առաջին հերթին պայմանավորված է ՖԻՖԱ-ի ցանկությամբ` Կատարում 2022 թ. կայանալիք աշխարհի առաջնությունը անցկացնելու ձմռանը: Միջազգային ֆեդերացիան միակողմանի կարգով է նախնական որոշում կայացրել, և դա հակասում է «ժողովրդավարության» ու «թափանցիկության» ժամանակակից պատկերացումներին:

- Մոնոպոլիայի ժամանակներն անցել են,- նշել է գերմանական «Բավարիայի» գլխավոր տնօրեն Կառլ Հայնց Ռումենիգեն:- Ֆուտբոլին ժողովրդավարություն ու թափանցիկություն է պետք: Եվրոպական ակումբային ասոցիացիայի ակումբները հանգել են եզրակացության, որ իրենք պետք է ընդգրկված լինեն այն որոշումների կայացման գործընթացում, որոնք կարող են ազդել ֆուտբոլի զարգացման վրա:
- Ես չեմ ուզում ասել, որ մենք պատերազմի մեջ ենք: Ակումբներն իրենց հանգիստ են պահում, բայց ամեն ինչ սահման ունի,- «Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսելի խոսքերը մեջբերել է «Reuters» գործակալությունը:- Հույս ունենք, որ ՖԻՖԱ-ն կլսի մեր խնդրանքը: Այն, ինչ ուզում ենք, տրամաբանական է ու արդար:

Բացի այդ, ասոցիացիան հանդես է եկել նաև ՖԻՖԱ-ի` ընկերական հանդիպումների քանակի ավելացման նախաձեռնության դեմ: Ակումբների ներկայացուցիչները վստահ են, որ ստուգողական խաղերի համար լրացուցիչ օրերի ներմուծումը կխախտի եվրոպական մրցաշրջանի խաղացանկը:

- Ոչ մի մարզիչ չկա, ով ուրախ կլինի` իմանալով, որ վաղը պետք է ստուգողական հանդիպում անցկացնի,- նշել է «Միլանի» տնօրեն Ումբերտո Գանդինին:- Նման միջոցառումների պատճառով ակումբների տրամադրության տակ քիչ ֆուտբոլիստներ են մնում: Մինչդեռ առաջիկա շաբաթ և կիրակի պետք է կայանան ազգային առաջնությունների հերթական տուրերի հանդիպումները, իսկ հաջորդ շաբաթ կվերսկսվի Չեմպիոնների լիգան: Մենք պարզապես հանկարծ հասկացանք, որ ՖԻՖԱ-ն սովորել է փոխել խաղացանկը այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Այս շաբաթվա ընթացքում ստուգողական հանդիպումները ՖԻՖԱ-ի տրամաբանական սխալի հետևանքն են:

Placeholder
Եվրոպական ակումբները` ՖԻՖԱ-ի հետ պատերազմի նախաշեմին