Գործարկվեցին www.doctorsjob.am և www.med-club.am կայքերը
Տնտեսություն
17:12 24/02/2011

Գործարկվեցին www.doctorsjob.am և www.med-club.am կայքերը

Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության կարիերայի կենտրոնի DoctorsJob.am վեբ կայքի շնորհանդեսը:
Կայքի ստեղծմանն աջակցել է ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը, կայքի պատրաստման աշխատանքներով զբաղվել է X-TECH ընկերությունը:

Կայքի նպատակն է կարիերայի կենտրոնի աջակցությամբ նպաստել դեղարտադրության ոլորտի գործատուների աշխատակազմի համալրմանը դեղագործության մասնագիտությամբ շրջանավարտներով, ինչպես նաև կապեր հաստատել դեղագործական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և տեղական դեղարտադրողների միջև:

Այսպիսով, կարիերայի կենտրոնը կկապի դեղագործական ուսումնական ծրագրերը հայկական մասնավոր ընկերությունների հետ, կհատկորոշի, կդասակարգի և կհրապարակի թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, ինչպես նաև աշխատանքի հետ կապված խորհրդատվություն կտրամադրի շրջանավարտներին:

Ինչպես տեղեկացրեց X-TECH ընկերության ղեկավար Արման Աթոյանը, նախատեսվում է, որ կարիերայի կենտրոնը և վերջինիս վեբ կայքը կընդլայնեն իրենց ծառայությունները, որոնցից կկարողանան օգտվել ոչ միայն բժշկական համալսարանի, այլև մյուս բժշկական հաստատությունների ուսանողները:

CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի համոզմամբ, այս նախաձեռնության նպատակն է նպաստել աշխատուժի շուկայի բարելավմանը և օգնել դեղագործության ոլորտում մասնագիտացած շրջանավարտներին աշխատանք գտնել կլաստերի ընկերություններում:

«Նախագծի նպատակն է նաև ընդլայնել իր ծառայությունները դեղագործական ուղղվածությամբ մասնագիտությունների համար: Այս նախաձեռնության շնորհիվ կենտրոնը նաև կկարողանա անդրադառնալ ուսանողների հետաքրքրությունների ավելի լայն շրջանակի և օգտակար լինել ավելի մեծ թվով մասնագետների Հայաստանում»,- նշեց Արտակ Ղազարյանը:

DoctorsJob.am-ի կայքի շնորհանդեսից հետո, ներկաների ուշադրությանը ներկայացվեց նաև www.med-club.am եռալեզու կայքը, որը Երևանի պետական բժշկական համալսարանի նախաձեռնությունն է: Կայքում կարելի է ծանոթանալ համալսարանի և ոլորտի իրադարձություներին, գրառուներ կատարել ֆորումներում և վարել բլոգ:

Նշենք, որ սա CAPS-ի իրականացրած վերջին նախագիծն է:
Ինչպես տեղեկացրեց CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը, ծրագիրն ավարտվում է, սակայն ամռանը ԱՄՆ ՄԶԳ-ն նոր ծրագիր է սկսելու:

 

Placeholder
Գործարկվեցին www.doctorsjob.am և www.med-club.am կայքերը