Հայտարարվեց միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի մեկնարկը
Տնտեսություն
11:35 24/03/2011

Հայտարարվեց միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի մեկնարկը

Քիչ առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը հայտարարեցին Միկրոէլեկտրոնիկայի 6-րդ միջազգային օլիմպիադայի մեկնարկի մասին:

Այս տարի օլիմպիադան կանցկացվի սեպտեմբեր հոկտեմբեր ամիսներին։

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի փոխանցմամբ, երկրի ապագան առաջին հերթին կանխորոշում է կրթությունը։
«Մենք պետք է գիտկացենք, որ կրթությունը մեծ դեր է խաղում երկրի ապագայի հարցում։ ՏՏ ոլորտում այսպիսի միջոցառումները պետք է խրախուսել և նպաստել ուսանողների միջև հետաքրքրության և մրցակցության առաջացմանը, որպեսզի նրանք կարողանան ստեղծագործել։ Սա մի ոլորտ է,  որում հաղթում է ոչ թե ֆիզիկական ուժը, այլ մտքի փայլը»,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ռալֆ Յիրիկյանը նաև տեղեկացրեց, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությունը կազմում է ութ մլն դրամ։

Սինոփսիս Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանն իր խոսքում կարևորեց օլիմպիադայի` միջազգային դառնալու փաստը։
«Այս տարի օլիմպիադան անցկացվելու է արդեն վեցերորդ անգամ։ Դեռ երկու տարի առաջ օլիմպիադան միջազգային դառնալու առաջին քայլերն արեց։ Անցյալ տարի արդեն մասնակցում էին ուսանողներ աշխարհի հինգ երկրներից։ Այս տարի նախատեսում ենք գրեթե կրկնապատկել այդ թիվը և մասնակիցներ ընդունել աշխարհի երեք մայրցամաքներից։ Այս միջոցառումն արդեն դարձել է միջազգային իր աննախադեպ պոտենցիալով։ Վստահ կարող եմ ասել, որ աշխարհում չկա նմանատիպ միջազգային մասշտաբի օլիմպիադա։ Այն նաև կնշի Հայաստանի տեղը որպես ՏՏ ռեգիոնալ կենտրոն »,- ընդգծեց Ռիչ Գոլդմանը։

Բանախոսների փոխանցմամբ, օլիմպիադայի նպատակն է խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում և մասնակից երկրներում, հայտնաբերել երիտասարդ, տաղանդավոր կադրեր, երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնել միկրոէլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրությունը, և ստեղծել միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք։ Օլիմպիադային կարող են մասնակցել ավագ դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի ընկերությունների մասնագետներ` մինչև երեսուն տարեկան։

Placeholder
Հայտարարվեց միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայի մեկնարկը