ՏՀՏ հայ մասնագետները ապրիլի 1-3-ը Թբիլիսիում կմասնակցեն գործարար համաժողովի
Տնտեսություն
12:53 26/03/2011

ՏՀՏ հայ մասնագետները ապրիլի 1-3-ը Թբիլիսիում կմասնակցեն գործարար համաժողովի

Ապրիլի 1-3-ը Թբիլիսիում վրացական և հայկական ՏՀՏ ոլորտի ընկերությունները կհանդիպեն ՏՀՏ գործարար համաժողովի շրջանակներում:
Այս մասին Panorama.am- ին տեղեկացրեց UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը:

«Վրաստանում համատեղ տնտեսական գործակցություն հաստատելու նպատակով Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) պայմանավորվածություն է ձեռք բերել իր վրացական գործընկերոջ ` ICT Business Council կազմակերպության հետ` հանդիպում կազմակերպել Վրաստանի ասոցիացիայի, մասնավոր ՏՀՏ ընկերությունների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումներին մասնակցելու նպատակով հայկական պատվիրակությունը կմեկնի Վրաստան սույն թվականի ապրիլի 1 և  կվերադառնա ապրիլի 3-ին»,- տեղեկացրեց Վահան
Հովսեփյանը:

Հանդիպումների ընթացքում մասնավորապես կքնարկվեն վրացական ընկերությունների հետ շահավետ համագործակցության հաստատման և համատեղ տենդերների մասնակցության հարցերը: Ֆորումի ժամանակ հայկական ՏՀՏ ընկերությունները կներկայացնեն նաև իրենց ՏՀՏ լուծումները, կքննարկեն համատեղ բիզնես համաժողովներ անցկացնելու հեռանկարները:

«Ակնկալվում է մոտ 15-20 հայկական կազմակերպությունների մասնակցություն: Սա ոչ ֆորմալ հանդիպում է, որի նպատակն է գործարար կապերի հաստատումը և զարգացումը: Ակնկալում ենք նաև վրացական կազմակերպությունների մասնակցությունը առաջիկա Digitec Expo-ին»,-նշեց UITE EXPO-ի տնօրեն Վահան Հովսեփյանը:

Վահան Հովսեփյանի փոխանցմամբ, ներկայումս նախագծվում են նաև հանդիպումներ Վրաստանի տուրիզմի, ռեստորանային բիզնեսի, ֆինանսաբանկային ոլորտի գործող ընկերությունները միավորող ասոցիացիաների հետ:

Placeholder
ՏՀՏ հայ մասնագետները ապրիլի 1-3-ը Թբիլիսիում կմասնակցեն գործարար համաժողովի