Ֆլեշմոբ. առա՞նց յուրահատկության, թե՞ յուրահատուկների համար
ՏՀՏ-ն Հայաստանում
17:57 28/03/2011

Ֆլեշմոբ. առա՞նց յուրահատկության, թե՞ յուրահատուկների համար

Ֆլեշմոբը թարգմանաբար նշանակում է կայծակնային ամբոխ: Մարդիկ հավաքվում են միասին, անում ինչ-որ խենթություն և «անհետանում»:
Ըստ արտասահմանցի գիտնականների` նման բաներով հետաքրքրվում են շատ խելացի և զարգացած մարդիկ:

«Երբ մարդ գերհոգնած է և նրա մոտ առաջ են գալիս դեպրեսիվ վիճակներ, ֆլեշմոբը տարբերակ է, որն ավելացնում է «ուրախության» հորմոնը»,-կարծում են նրանք:

Այսօր ֆլեշմոբերի կազմակերպման գործում հիմնական միջոց հանդիսանում են սոցիալական ցանցերը: Ֆլեշմոբի տարատեսակ է i-մոբը, որն անցկացվում է հենց սոցիալական ցանցի շրջանակում: Հայաստանում գործում է «Ֆլեշմոբ դիվիզիա», որը հիմնադրվել է 2010 թվականին: Այն առաջինն է Հայաստանում, որ կազմակերպել է ամենամասսայական ֆլեշմոբեր:

-Մենք կազմակերպել ենք i-մոբ facebook-ում` նվիրված երիտասարդության օրվան: Մասնակիցների կոնկրետ քանակը չեմ կարող նշել, մի քանի 100 հոգի: Մենք մեր facebook-ի էջերում ստատուսներ գրեցինք, օրինակ` «Ես Արմենն եմ, ես երիտասարդ եմ և ես երջանիկ եմ», - ասաց «Ֆլեշմոբ դիվիզիայի» հիմնադիրներից Արմեն Սուքիասյանը:

Նա ավելացրեց նաև, որ դասական ֆլեշմոբը չունի որևէ նպատակ, մտահղացումները պետք է լինեն աբսուրդային.

-Մեզ մոտ, իհարկե, «հայավարի» է ստացվում: Շատ դժվար է մարդկանց ներգրավել աբսուրդային գործողության մեջ: Օրինակ, երբ մենք Կարապի լճում ձկնորսություն էինք կազմակերպել (իսկ իրականում այնտեղ ձուկ չկար), այնպիսի ռեպլիկներ էին հնչում. շատ զարմանալի ու տխուր էր. դա  իրականում խոսում է մարդկանց բարդույթների մասին:

Ֆլեշմոբի հոգեբանական ազդեցության մասին խնդրեցինք մանրամասնել հոգեբան Լուսինե Խանդանյանին: Նա, մասնավորապես, նշեց ֆլեշմոբերի անդիմության էֆֆեկտի մասին:

-Դու քո դեմքով ու քո անունից հանդես չես գալիս, դու ինչ-որ փոքրիկ կամ մեծ ամբոխի մասնիկ ես, որտեղ մարդիկ` չգիտեն ով ես դու. ինչը իրականում նշանակություն չունի. կա ամբոխի տրամադրություն և դու շարժվում ես այդ տրամադրությամբ: Այստեղ հուզականորեն մարդիկ կապված են միմյանց և այդ հուզականությունը շատ արագ փոխանցվում է մեկից մյուսին:
Ամերիկացի սոցիոլոգ Հովարդ Ռեյնգոլդի կարծիքով 2003 թվականին առաջացած ֆլեշմոբի գաղափարը ոչ թե ամառային ժամանցի տարօրինակություն կամ քմահաճույք է, այլ ցուցադրությունը «մարդկանց խմբի ընդունակության` կազմակերպել ուղղակի հավաքական գործողություն, որը նրանք ի վիճակի չէին լինի իրականացնել ավելի վաղ` նախքան Ինտերնետի կոմբինացիաների և բջջային հեռախոսի առաջացումը»:
Ռեյնգոլդը, մեկնաբանելով ֆլեշմոբերի հնարավոր վտանգավորության խնդիրը, գտնում է, որ դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացնում, ընդհակառակը, հնարավոր Ինտերնետ-գործողությունները օգնում են մարդկանց ամրապնդել իրենց դիրքը: Ընդ որում կան օրինակներ նմանատիպ հաջող գործողությունների, որոնց արդյունքները եղել են որոշակի քաղաքական փոփոխություններն աշխարհի տարբեր երկրներում:

Placeholder
Ֆլեշմոբ. առա՞նց յուրահատկության, թե՞ յուրահատուկների համար