Ստորագրվեց «Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» հուշագիր
Տնտեսություն
12:30 06/05/2011

Ստորագրվեց «Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր ստորագրվեց քառակողմ փոխըմբռնման հուշագիր` «Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» խորագրով: Հուշագիրը ստորագրեցին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը և Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Հուշագիրը նպատակ ունի ստորագրող կողմերի միջև ընդլայնել տեղեկատվության և ռեսուրսների փոխանակմանն ուղղված համագործակցության շրջանակները և գործարար միջավայրի բարելավման ու նորարարությունների ներդրման միջոցով զարգացնել պետական-մասնավոր հատվածների համագործակցությունը:

Ինչպես նշեց Տ. Դավթյանը, այսօր ֆորմալ ձևակերպման բերեցին այն հարաբերությունները, որոնք այսքան տարիներ առկա էին 4 կառույցների միջև: «Հենց մեր կառույցներն են այսքան տարիներ ձեռք ձեռքի տված նպաստում մեր երկրի տնտեսության զարգացմանը: Յուրաքանչյուր կառույց ունի իր ռեսուրսն ու հնարավորությունը: Այս հուշագրով դրանք մեկտեղում ենք և դարձնում բոլորիս համար մատչելի», -ասաց նախարարը:

Ռ. Հարությունյանը նույնպես բարձր գնահատեց նախաձեռնությունը և նշեց, որ այն թույլ կտա տնտեսության զարգացմանն ուղղված այս փուլում հասնելու կառավարության առջև դրված նպատակներին:

Մ. Սարգսյանի համոզմամբ, այս հուշագիրը նոր որակ կհաղորդի հետագա համագործակցությանը, որը միտված է գործարար համայնքի գործունեության և տնտեսության զարգացմանը: Ըստ նրա, համատեղ գործունեությամբ կնպաստեն հատկապես գործարար համայքնի զարգացմանը:

Արսեն Ղազարյանը անդրադառնալով այն խոսակցություններին, թե այս 4 կառույցները մրցակցում են միմյանց հետ, նշեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: «Մենք միշտ էլ համագործակցել ենք ու իրար օգնությամբ մեծ ծրագրեր իրականացնել»,- նկատեց Ա. Ղազարյանը` հավելելով, որ այն լայն հնարավորություն կընձեռի կողմերին սերտացնելու սոցիալական գործընկերությունը, նպաստելու արդյունաբերության զարգացմանը, ինչպես նաև միմյանց միջև ակտիվացնելու երկխոսությունը, տեղեկատվության փոխանակումը և գործարար կապերը:

Նշենք, որ հուշագրի համաձայն` կողմերը կփոխանակեն ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, ռեսուրսներ, կիրականացնեն համատեղ ծրագրեր, կկազմակերպեն համատեղ հանդիպումներ, քննարկումներ և միջոցառումներ:

Placeholder
Ստորագրվեց «Տեղեկատվության և ռեսուրսների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին» հուշագիր